Տիգրան Հակոբյան. Էս խելացի դեմքով տհասը նաև Երևանի ավագանու անդամ է (Լուսանկար)
Ֆեյսբուքյան տիրույթում աղմուկ է բարձրացրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանի հեգնական գրառումը Թբիլիսիում իրականացվող ախտահանման լայնածավալ միջոցառումների մասին։
Ավագանու անդամն իր ֆեյսբուքայն էջում տեղադրել է Վրաստանի մայրաքաղաքի փողոցների ախտահանման լուսանկարները և հետևյալ գրառումն արել.
«Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»:
Ավելի ուշ, երբ նրա գրառման շուրջ աղմուկ է բարձրացել, ավագանու անդամն այս գրառումը հեռացրել է։
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ավագանու անդամի գրառման սքրինշոթ նկարը և գրել. «Էս խելացի դեմքով տհասը նաեւ Երեւանի ավագանու անդամ է: ԱՆԴԱՄ!!! Ափսոս, դաստիարակությունս թույլ չի տալիս սրա տեսակը համացանցում հայհոյել...»
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումից ի վեր մամուլում տեղեկություններ են տարածվում, որ քաղաքապետ Հայկ Մարությանը մեկուսացել է, վախենում է վարակվելուց և լիարժեք չի կատարում իր պարտավորությունները։
Վերջին տվյալով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 736 է, գրանցվել է 7 մահ: Վրաստանում գրանցվել է վարակման 148 դեպք, մահեր չկան։