Թրամփը չի քննարկել ԱՄՆ-ի կողմից նավթի արդյունահանման կրճատումը ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների ընթացքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի քննարկել ԱՄՆ-ի կողմից նավթի արդյունահանման կրճատումը Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների ընթացքում: Այս մասին նա ասել է` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, փոխանցում է ՌԲԿ-ն: «Ոչ, մենք չենք քննարկել որեւէ զիջում մեր կողմից: Այս գործարքն անհրաժեշտ է Ռուսաստանին եւ Սաուդյան Արաբիային»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Մեկնաբանելով իր հայտարարությունը Մոսկվայի եւ Էր Ռիյադի միջեւ հնարավոր գործարքի մասին ՝ Թրամփը նշել է, որ առճակատումը երկու երկրների միջեւ վնասում է ողջ ամբողջ ոլորտին: «Մենք ունենք այլընտրանք, բայց հուսով եմ, որ նրանք, այնուամենայնիվ, մոտ ապագայում համաձայնության կգան: Դա լավ կլինի Ռուսաստանի համար, լավ կլինի Սաուդյան Արաբիայի համար, լավ կլինի ամբողջ աշխարհի համար»,- ասել է Ամերիկայի նախագահը:
Ապրիլի 2-ի ցերեկը Թրամփը պատմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ Ալ Սաուդի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին, սակայն Կրեմլը հերքել է այս տեղեկատվությունը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ռիյադն առաջարկել է հրատապ հանդիպում անցկացնել ՕՊԵԿ+ գործարքին մասնակցող երկրների մասնակցությամբ` շուկայի բալանսավորման մասին արդարացի համաձայնության հասնելու համար:
Ապրիլի 2-ի երեկոյան Տեխասի իշխանությունների ներկայացուցիչ Ռայան Սիտթոնը հայտարարել էր, որ զրուցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ եւ քննարկել է նավթի ամենօրյա արդյունահանման 10 միլիոն բարելով կրճատումը: Նրա խոսքով` ապագայում նա մտադիր է այդ հարցը քննարկել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ:
Իր հերթին, Wall Street Journal-ը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է նվազեցնել նավթի արդյունահանումը օրական առավելագույնը 6 միլիոն բարելով: Պարբերականի զրուցակիցներն Էր Ռիյադում նշել են, որ երբ Թրամփը խոսում էր արդյունահանումը 10-15 միլիոն բարելով կրճատելու մասին, նա փոքր-ինչ չափազանցրել է:
Մարտի սկզբին ՕՊԵԿ+ գագաթնաժողովի մասնակիցներին չհաջողվեց պայմանավորվել նավթի արդյունահանման կրճատման շուրջ, ինչից հետո նավթի գները սկսեցին արագորեն իջնել: