ԵԽԽՎ զեկուցողն Իսպանիային և Թուրքիային կոչ է արել ազատել քաղաքական գործիչներին
ԵԽԽՎ զեկուցողն Իսպանիային եւ Թուրքիային կոչ է արել ազատել համաներման տակ գտնվող քաղաքական գործիչներին` կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:
«Պե՞տք է արդյոք պատասխանատվության ենթարկել քաղաքական գործիչներին իրենց մանդատների իրականացման ընթացքում արված հայտարարությունների համար» թեմայով ԵԽԽՎ զեկուցող Բորիս Ցիլեւիչը ողջունել է ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված միջոցառումները, սակայն ընդգծել է համաներման մեջ կատալոնացի եւ թուրք քաղաքական գործիչների, լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներառման անհրաժեշտությունը:
«Ես ողջունում եմ շատ երկրներում հասարակության համար վտանգ չներկայացնող բանտարկյալների ազատ արձակման կամ նրանց նկատմամբ բանտարկության հետ կապ չունեցող պատժամիջոցների կիրառման համար ձեռնարկված միջոցառումները: Դա այն է, ինչ պետք է արվի բանտերում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում»,- ասել է նա: «Քաղաքական անցյալ ունեցող բանտարկյալները, ինչպիսիք են կատալոնացի քաղաքական գործիչները, որոնք դատապարտվել են 2017-ի հոկտեմբերին կայացած հակասահմանադրական հանրաքվեում իրենց դերի համար, կամ թուրք խորհրդարանականները, քաղաքապետերն ու այլ քաղաքական գործիչները, որոնք բանտարկվել են ելույթների համար իրենց պարտականությունների կատարման ընթացքում, պետք է օգուտ քաղեն այսպիսի միջոցառումներից»,- ասել է նա:
«Անցյալ տարվա փետրվարին Իսպանիա կատարած այցի ընթացքում ես անձամբ ծանոթացա իմ կատալոնացի գործընկերների հետ եւ համոզված եմ, որ այդ կանայք եւ տղամարդիկ վտանգ չեն ներկայացնում: Նրանց կալանքի փաստը մտահոգության տեղիք է տալիս, բայց COVID-19-ի ճգնաժամը պետք է անպայման հրահրի նրանց ազատումը: Նույնը վերաբերում է նաեւ բանտերում գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչներին, լրագրողներին եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին»:
Մարտի 31-ին Թուրքիայի կառավարությունը Խորհրդարանին ներկայացրել էր վաղաժամկետ պայմանական ազատման մասին օրինագիծը, որի նպատակն էր կրճատել երկրում գերծանրաբեռնված բանտերում գտնվող բանտարկյալների թիվը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Օրինագծով բացառվում էր երկրում գործող հակասական հակաահաբեկչական օրենքների հիման վրա դատապարտված քաղբանտարկյալների ազատումը: ՄԱԿ-ը եւ ԵՄ-ն բանտերում կալանավորների թվի անխտրական կրճատման կոչ են ուղղել Թուրքիային: