Պատրիկ Դևեջյանի հուղարկավորության ժամանակ հիշատակվել է նրա Գարեգին անվան և հայկական կրթության մասին
Ֆրանսիայում օրեր առաջ կորոնավիրուսից մահացած քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հուղարկավորությունը կայացել է երեկ՝ Ֆրանսիայի Մարե թաղամասում գտնվող Սուրբ Խաչ հայ կաթոլիկ եկեղեցում: Այս մասին գրում է arevelk.am-ը։ Մասնակցել են կինը՝ Սոֆի Դևեջյանը, չորս որդիները և շատ սահմանափակ թվով մարդիկ:
Պատրիկ Դևեջյանը 75 տարեկան էր: Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի քաղաքական գործիչները՝ նկատելով, որ Դևեջյանը տպավորիչ քաղաքական գործունեություն է ունեցել Ֆրանսիայում, լինելով նախարար, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, քաղաքապետ, իսկ 2007 թվականից ի վեր Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահն էր: 2014 թվականին ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Աղբյուրը նշում է, որ Պատրիկ Դևեջյանը 1955-1959 թվականներին սովորել է Սամուէլ Մուրատյան վարժարանում: Նրա իսկական անունը Գարեգին է: Սակայն այդ տարիների ֆրանսիական օրենքի համաձայն, պետք է ունենար նաև ֆրանսիական անուն, և նա ընտրել էր Պատրիկը: Հուղարկավորության առթիվ հիշվել է նաև Գարեգին Դևեջյանի հայկական դպրոցում ստացած կրթությունը: