Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանը մարտի 31-ին իր ֆեյսբուքայան էջում տեղեկացրել էր. «Կորոնավիրուսով վարակված 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի եւ անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն»:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, պացիենտները սխալ տեղեկություններ են տվել իրենց վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջիններս ո՛չ բնակության հասցեն են ճիշտ տվել, ո՛չ հեռախոսահամարը եւ ո՛չ էլ իրենց անուն-ազգանուները: Այսինքն՝ ոչ թե չեն կարողանում ճշտել, այլ իրենց են խաբել։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Բաբախանյանից փորձեց պարզել, թե ինչ փուլում իրենց ճշտումները. «Այդ 30 հոգին հաստատված, հիվանդանոցում պառկած, բուժում ստացող պացիենտներ են: Պարզապես քարտեզագրման համար իրենց տված անձնական տվյալները եւ անձնագրում նշված տվյալները` միայն բնակության մասով, չեն համապատասխանում: Այսինքն՝ խնդիրը միայն քարտեզագրման մեջ է, ոչ թե մարդուն կորցնելու»: Վերջինս նաեւ փոխանցեց, որ արդեն ճշտվել է ամեն ինչ, խնդիր չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում