ԱՄՆ-ում մարտի ընթացքում 1,9 մլն միավոր հրազեն են վաճառել կորոնավիրուսի ֆոնին․ NYT
ԱՄՆ-ում մարտի ընթացքում 1,9 մլն միավոր հրազեն են վաճառել կորոնավիրուսի տարածման ֆոնին։ Այսպիսի տվյալներ է բերել The New York Times թերթը։
Թերթը նշել է, որ այս ցուցանիշները համարյա ռեկորդային են դարձել․ ավելի շատ հրազեն՝ 2 մլն միավոր, իրացվել է միայն 2013 թ․ հունվարին՝ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երկրորդ ընտրվելու երդմնակալությունից հետո, որը հանդես էր եկել զենքի վաճառքի կանոնները խստացնելու օգտին, եւ 2012թ․ դեկտեմբերին Նյուտոն քաղաքում «Սենդի Հուք» տարրական դպրոցում զանգվածային սպանություններից հետո։
Ինչպես ընդգծում է The New York Times-ը, կորոնավիրուսային հիվանդության բռնկման պատճառով ամերիկացիները նետվել են ոչ միայն պահածոյացված ընդեղեն կամ զուգարանի թուղթ, այլեւ հրազեն գնելու։ Հատկապես ուժեղ, համեմատած անցյալ ամսվա հետ 3 անգամ ավելի, զենքի վաճառքը ավելացել է Յուտա եւ Միչիգան նահանգներում։
«Մարդիկ անհանգստացած են, որ եթե հսկայական թվով մարդիկ վարակվեն, իսկ պետական եւ հասարակական ինստիտուտները նորմալ չգործեն, ապա կարող են անկարգություններ սկսվել։ Նրանք մտահոգված են նրանով, որ կարողանան պաշտպանել իրենց, եթե պետական մարմինները սկսեն քայքայվել»,- Ջորջիա նահանգի իրավունքի համալսարանի պրոֆեսոր Թիմոթի Լիթոնի խոսքերն է մեջբերում թերթը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ զենքի խանութները համարվում են կենսական կարեւորության հաստատություններ, այդ պատճառով դրանք, ինչպես դեղատները, մթերային խանութները, պետք է բաց մնան կորոնավիրուսի համավարակի ժամանակ։