ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մասին
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող Հայաստանի քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ տևական ժամանակ է, ինչ մի խումբ հայեր «Դոմոդեդովո» օդանավակայանում են և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։
Նա նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մոտ առկա տեղեկատվության համաձայն՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված ՀՀ քաղաքացիների` դեպի ՀՀ թռիչքը չեղարկվել է, որի մասին քաղաքացիները, ըստ կարգի, պետք է տեղեկացված լինեին:
«Դեսպանությունը ճշտում է օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրության պատճառները հասկանալու և իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար»,-ասաց Նաղդալյանը՝ նշելով նաև, որ այսօրվա ընթացքում հնարավոր են նորություններ:
Հիշեցնենք, որ մարտի 27-ից Ռուսաստանը դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: