ՌԴ-ում Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված ստիպված պարապուրդի ժամկետը երկարաձգվեց մինչև ապրիլի 30-ը ներառյալ
Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված ստիպված պարապուրդի ժամկետը երկարաձգվեց մինչև ապրիլի 30-ը ներառյալ:
Նշենք, որ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 771 դեպք է գրանցվել, հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3548-ի, առողջացել է 235 մարդ, 30 մարդ մահացել է: Անցկացվել է ավելի քան 536 հազար թեստ:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքի փոխանցմամբ` Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժշկական վերահսկողության տակ է գտնվում 215 514 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19-ի բռնկումը որպես պանդեմիա էր հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 820 հազար դեպք, մահացել է ավելի քան 40 հազար մարդ:
Ամենաբարդ իրավիճակն այժմ ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում եւ եվրոպական մի շարք երկրներում է: Իտալիայում համաճարակից ավելի քան 12 հազար մարդ է մահացել: Չինաստանում մի քանի օր առաջ հայտարարել են համաճարակի դադարեցման մասին: