Հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը՝ օրավարձով աշխատողների համար. Փաշինյանի գրառումը
Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի հայրենակիցներ։ Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք:
Այսօր ընդունեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով միանվագ աջակցություն կցուցաբերենք նաեւ այս խմբի մեր հայրենակիցներին:
Ընդհանուր առմամբ ընդունել ենք 9 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 4-ը տնտեսական աջակցության, 5-ը սոցիալական աջակցության:
Համոզված եմ, այդ միջոցառումները կթեթեւացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը՝ ճգնաժամային այս իրավիճակում»:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք, արդեն 1,5 տարի է, մարդկանց կոչ ենք անում գրանցվել իրենց աշխատատեղերում, լինել օրինական դաշտում, գրանցել իրենց եկամուտներն ու վճարել հարկերը, իսկ Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի։ Կա գրանցված աշխատող, եւ կա չգրանցված աշխատող: Ընդ որում, պարտավորություն է, որ պետք է աշխատանքը եւ եկամուտը գրանցվի: Այժմ նրանք, որոնք գրանցված են, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, քանի որ մենք իրենց օգնելու մեխանիզմներ ենք գտնում. կարողանալու ենք նրանց գտնել՝ որտեղ է նա աշխատել վերջին մեկ տարում, որքան աշխատավարձ է ստացել, ինչ եկամուտից է զրկվել, ինչքան պետք է օգնենք իրեն: Մյուս կողմից էլ, օրավարձով աշխատող այն քաղաքացիները, ընդհանրապես՝ այն քաղաքացիները, որ ստվերում են եղել, այն ժամանակ, երբ լավ էր ամեն ինչ, ասել են՝ թքած ունենք օրենքի վրա, կառավարության կոչերի, կարգավորումների վրա, հիմա նույնականացման պրոբլեմն ունենալու են: Բայց նրանք էլ մեր քաղաքացիներն են, ու մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար քայլեր անել։ Դրա համար մենք բոլորին կոչ ենք անում՝ օրինապահ քաղաքացի լինելը մի կարգավիճակ է, որ անհրաժեշտ է բոլորին»,- ասաց նա: