Թրամփը մտածում է կորոնավիրուսով բռնկված շրջաններ ներքին թռիչքների արգելման մասին. «Ամերիկայի ձայնը»
Չորեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է դադարեցնել ներքին թռիչքները դեպի կորոնավիրուսի տարածման էպիկենտրոններ` համաճարակի տարածումը զսպելու նպատակով, որը, ըստ որոշ կանխատեսումների, կարող է առնվազն 100 հազար ամերիկացու սպանել: Պետության ղեկավարն այս մասին ասել է Սպիտակ տանը անցկացվող ամենօրյա մամուլի ճեպազրույցի ընթացքում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք, անշուշտ, քննարկում ենք [այդ միջոցը], բայց հենց դուք դա անեք, իսկապես կկործանեք չափազանց կարեւոր ոլորտը»,- ասել է Թրամփը` նկատի ունենալով ավիափոխադրողներին:
Ենթադրվում է, որ սահմանափակումները կարող են կիրառվել թռիչքներ դեպի կորոնավիրուսի բռնկումից առավելապես տուժած քաղաքներ՝ Նյու Յորք, Նյու Օռլեան եւ Դետրոյթ: «Մենք մտածում ենք այդ մասին»,- ասել է Թրամփը` խոսելով ներքին թռիչքների արգելքի մասին, որոնց թիվն արդեն զգալիորեն նվազել է` ավիատոմսերի պահանջարկի կտրուկ անկման հետեւանքով:
Չնայած Նախագահը բազմիցս հայտարարել է Լատինական Ամերիկայից Միացյալ Նահանգներ մուտք գործող միգրանտների քանակը կրճատելու ցանկության մասին, չորեքշաբթի օրը նա խոստովանեց, որ Միացյալ Նահանգներին պետք են աշխատանքային միգրանտներ, որոնք կարող են աշխատել ֆերմաներում հատուկ աշխատանքային վիզաներով:
«Ես խոստացել եմ [ամերիկացի] ֆերմերներին, որ նրանք [միգրանտները] կշարունակեն գալ»,- ասել է նախագահը:
Ճեպազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը նաեւ հասկացրել է, որ առանց փաստաթղթերի միգրանտները, որոնք ԱՄՆ են եկել Լատինական Ամերիկայից, չեն կարողանա պետության կողմից ֆինանսական աջակցության հույս ունենալ, որը շուտով պետք է ստանա ամերիկյան ընտանիքների մեծ մասը: