«Կարդա՛ աշխարհի համար» նախաձեռնություն
Հրատարակիչների միջազգային ասոցիացիան, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն մեկնարկում են «Կարդա՛ աշխարհի համար» նախաձեռնությունը, որպեսզի աջակցեն ինքնամեկուսացման մեջ գտնվող երեխաներին:
Նախաձեռնությունը նվիրված է Մանկական գրքի միջազգային օրվան և կմեկնարկի իտալացի մանկագիր Էլիզաբետա Դամիի կողմից:
Միանալով այս բացառիկ նախաձեռնությանը՝ սիրված մանկագիրներն իրենց հեղինակած գրքերից մի հատված կկարդան ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով տանը ինքնամեկուսացված միլիոնավոր երեխաների և երիտասարդների համար։
«Կարդա՛ աշխարհի համար» նախաձեռնությունը ստեղծվել է Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի համագործակցության շնորհիվ։ Այն մեկնարկում է այսօր՝ Մանկական գրքի միջազգային օրը, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Իտալացի մանկագիր Էլիզաբետա Դամիի (Elisabetta Dami) հետ, ով հայտնի Ջերոնիմո Ստիլտոնի կերպարի հեղինակն է։
«Այս իրավիճակը բոլորիս համար նոր է և անհասկանալի: Երկարաժամկետ ինքնամեկուսացման և սոցիալական հեռավորության սոցիալ-հոգեբանական ազդեցությունը դեռ նոր պետք է բացահայտենք և հասկանանք», - ասում է Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Հյուգո Սետցերը (Hugo Setzer)։ «Այս պահին բոլորս էլ պետք է հոգ տանենք մեր և հատկապես երեխաների հոգեկան առողջության մասին։ Ցանկանում էինք մի լավ բան անել և երեխաներին ու նրանց սիրելի հեղինակներին միավորել, որպեսզի խթանենք ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը և թեթևացնենք ընտանիքների հոգսը այս՝ բոլորիս համար դժվար տրվող սահմանափակումների ժամանակ»։
«Երեխաների կյանքը և ռեժիմը տակնուվրա է եղել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore)։ «Երբ դրսի աշխարհը անհասանելի է, երեխաներն ու երիտասարդները կարող են բազում աշխարհներ ճամփորդել գրքեր կարդալով»։
Էլիզաբետա Դամին ինստագրամի իր անձնական էջով այսօր ժամը 19:00-19:30 կկարդա անգլերենով։ Այս հեղինակը, ով վաճառել է ավելի քան 180 միլիոն օրինակ գիրք, ով տպագրվել է հիսուն տարբեր լեզուներով, այսօր նաև կարձագանքի հարթակում նշված մեկնաբանություններին և կպատասխանի հարցերին։
Մի շարք հայտնի հեղինակներ ևս համաձայնել են միանալ «Կարդա՛ աշխարհի համար» նախաձեռնությանը։ Հետագա մանրամասները շուտով հասանելի կլինեն կայքում։