Ապրիլյան պատերազմից չորս տարի անց. զոհված տանկիստի որդին անցել է ծառայության (Լուսանկարներ)
Ապրիլյան պատերազմում զոհված Հովսեփ Մայիլյանի այրին՝ Կարինե Մայիլյանն օրերն է հաշվում, թե երբ պետք է ավարտվի կարանտինը, որպեսզի կարողանա գոնե մեկ օրով տեսնել Արցախի հարավային սահմանում ծառայող որդուն՝ Հարութին։ NEWS.am–ի հետ զրույցում Կարինե Մայիլյանը հպարտությամբ է նշում՝ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների որդիներից Հարութն առաջիններից է, որ զորակոչվել է բանակ։
Հովսեփ Մայիլյանը, ում մտերիմները Հովիկ էին կոչում, զոհվել է 2016թ-ի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ հրետակոծության պայմաններում։ Նա զրահատեխնիկայի ծառայության պետ էր, կոչումով մայոր։ Մարտերից մեկի ժամանակ Հովսեփը, տեսնելով տանկերից մեկի խափանումը, անտեսելով չընդհատվող կրակը, փորձել է տանկը նախապատրաստել և բերել մարտական վիճակի, սակայն զոհվել է հակառակորդի կողմից արձակված ականանետի ականի պայթյունից։ Հովիկ Մայիլյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով։
Հովիկ Մայիլյանն Արցախի Հադրութ քաղաքից էր, ունի երկու որդի և մեկ դուստր։ Կրտսեր որդին՝ Հայկը, այս տարի կգնա դպրոց, իսկ դուստրը՝ Մարիամը սովորում է 9–րդ դասարանում։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Հովիկի ավագ որդին՝ Հարութը, 15 տարեկան էր, իսկ այսօր արդեն 18–ամյա տղան պաշտպանում է Արցախի սահմանները։
«Հովիկի զոհվելուց հետո Հարութը ասես միանգամից մեծացավ, փոխվեց թե՛ ինքը, թե՛ մտածելակերպը»,–պատմում է տիկին Կարինեն ու հավելում.
«Երբ զորակոչվեց բանակ շատ շուտ հարմարվեց ծառայությանը, երբեք չտրտնջաց ու չդժգոհեց։ Հենց սկզբից կարողացավ այնպես անել, որ բոլորն իրեն սկսեցին սիրել ու հարգել. մի կողմից, երևի, որպես Հովիկի տղա, մյուս կողմից՝ դաստիարակված, ծառայության լրջությունը գիտակցող զինվոր»։
Կարինե Մայիլյանի խոսքով՝ շատերն էին ճանաչում ամուսնուն և զարմանում՝ իմանալով, որ որդին արդեն ծառայում է։
«Որդիս էլ է իրեն լավ զգում, երբ ասում են՝ Մայիլյանի տղան է»,–ասում է մայրը։
Տանկիստ մայորի այրին, սակայն չի ուզում որդին շարունակի զինվորականի ուղին, ինքը՝ Հարութն էլ այլ նպատակներ ունի. ուզում է զորացրվելուց հետո շարունակել ուսումը, սեփական բիզնեսը հիմնել։
Ապրիլի 14–ին կլրանա Հարութի 19–րդ տարեդարձը. մայրը հույս ունի, որ մինչ այդ կավարտվի համավարակը և կկարողանա որդուն շնորհավորել։
Նկարում ձախից երկրորդը Հովիկ Մայիլյանն է
Հովիկ Մայիլյանի այրին՝ Կարինե Մայիլյանը ՀՀ երրորդ նախագահի կողմից պարգևատրվելիս
Հովիկ Մայիլյանի երեխաները