Պոմպեոն Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին մեղադրել է կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանին, Իրանին եւ Ռուսաստանին կրկին մեղադրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված «ապատեղեկատվական արշավներ» անցկացնելու մեջ՝ հայտարարելով, որ նրանք ցանկանում են դրա ծագման կապակցությամբ «խառնաշփոթ» առաջացնել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
COVID-19 հիվանդություն առաջացնող կորոնավիրուսի նոր շտամի մասին տեղեկություններն առաջին անգամ ստացվել են Ուհանից. խոշոր քաղաք Չինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգում:
Ենթադրվում է, որ վիրուսի ծագման աղբյուրը չղջիկներն էին, բայց այնպիսի երկրների քարոզիչները, ինչպես Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի, առաջ են մղում համավարակի վերաբերյալ դավադրության տեսությունը: Օրինակ՝ պնդում են, որ COVID-19-ը ստեղծվել եւ ամբողջ աշխարհում տարածվել է ամերիկացի զինվորականների կողմից:
«Մենք տեսել ենք, որ ոչ միայն Իրանն ու Ռուսաստանը, այլեւ Չինաստանն ու մյուսները փորձում են առաջարկել իրենց մեկնաբանությունները»,- հեռախոսային կլոր սեղանի ժամանակ լրագրողներին ասել է Պոմպեոն:
«Մեկնաբանությունները տարբեր են, բայց դրանցից յուրաքանչյուրում միեւնույն բաղադրիչն է. որ փորձեն խուսափել պատասխանատվությունից եւ աշխարհում խառնաշփոթ առաջացնեն՝ խառնաշփոթ վիրուսի ծագման վայրի կապակցությամբ, խառնաշփոթ այն կապակցությամբ, թե տարբեր երկրներ դրան ինչպես են արձագանքում, եւ որ երկրներն են իսկապես ամբողջ աշխարհում օգնություն ցույց տալիս»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
«Մեզ կարեւոր է թվում այդ մեկնաբանությունների շտկումը: Նախագահ Թրամփն ամեն ինչ հստակ իր տեղում դրեց այն հարցում, որը վերաբերում է այդ ապատեղեկատվությանը, եւ մենք նույնպես փորձում ենք այդ աշխատանքով զբաղվել: Դա կարեւոր է»,- շարունակել է Պոմպեոն:
Այս շաբաթ Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էին մեկնաբանել Washington Post-ի վերջին հրապարակումները, որոնցում նշվում էր, որ Չինաստանը, Իրանը եւ Ռուսաստանը զբաղված են ապատեղեկատվությամբ, ԱՄՆ-ին մեղադրելով համաճարակի հրահրման մեջ եւ քննադատելով դրա դեմ պայքարի նրա ջանքերը:
Ի պատասխան՝ Թրամփը քննադատել էր Washington Post-ին եւ կարծիք հայտնել, որ նրա հրապարակումներին չի կարելի վստահել, իսկ ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը, «դրանով զբաղվում է յուրաքանչյուր երկիր»:
«Նրանք զբաղվում են դրանով, դրանով զբաղվում ենք մենք, ուղղակի մենք տարբեր կերպ ենք անվանում: Ես հանդես եմ գալիս Չինաստանին ուղղված անչափ կտրուկ հայտարարություններով, ներառյալ չինական վիրուսը, որն արդեն երկար ժամանակ է շրջանառվում, եւ չեմ ասի, որ նրանք այդ հայտարարությունից հիացած են»,- ասել է Թրամփը:
Մինչդեռ երեկ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ մարտի 30-ին ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի արդյունքներով ԱՄՆ-ն համաձայնվել է Ռուսաստանից գնել բժշկական նշանակության իրեն անհրաժեշտ ապրանքներ՝ ներառյալ օդափոխիչներ եւ անհատական պաշտպանության միջոցներ:
Հայտարարության մեջ նշված է, որ ապրիլի 1-ին Նյու Յորքում նյութերը փոխանցվել են Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ներկայացուցիչներին:
«Նախկինում երկու երկրները ճգնաժամերի ժամանակ միմյանց հումանիտար օգնություն են ցույց տվել, եւ կասկած չկա, որ նույն կերպ կվարվեն նաեւ ապագայում, նշված է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրհահուսի հայտարարության մեջ: - Հիմա այն ժամանակն է, երբ պետք է ջանքերը միավորենք, որ հաղթենք ընդհանուր թշնամուն, որը սպառնալիքի տակ է դնում մեզնից յուրաքանչյուրի կյանքը»: