Նուրմագոմեդով - Ֆերգյուսոն մենամարտը 5-րդ անգամ չեղարկվեց
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն Ինստագրամի իր պաշտոնական էջի միջոցով իր երկրպագուներին տեղեկացրել է, որ ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտը տեղի չի ունենա:
«Երկրում հայտարարված է կարանտին, ես նստած եմ տանը և կարդում եմ մարդկանց արձագանքներն իմ առաջիկա մենամարտը չեղարկելու հնարավորության հետ կապված: Փաստորեն, երկրների ղեկավարներն ու հայտնի մարդիկ բոլորին կոչ են անում մնալ տանը և հոգ տանել առողջության մասին, իսկ Խաբիբը պետք է լքի Ռուսաստանը, մեկնի չգիտենք էլ, թե որ երկիր և մենամարտի Ֆերգյուսոնի հետ: Այդպիսի բան չի կարող լինել: Մենամարտը տեղի չի ունենա:
Հասկանում եմ ձեր հիասթափությունը, քանի որ բոլորն էին սպասում այս մենամարտին: Ինչպես բոլորի մոտ, իմ ծրագրերն էլ կորոնավիրուսի պատճառով չիրականացան:
Հոգ տարեք ձեր և ձեր հազատների մասին: Առողջությունն ամենակարևորն է»,- գրել է Նուրմագոմեդովը:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը չեղարկվում է արդեն 5-րդ անգամ: Մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին՝ Լաս Վեգասում: