ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից ՀՀ հանդեպ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Ստանիսլավ Զասը նշել է` տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ:
«Ես հայկական կողմից տեղեկացա Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին: Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել են երկու զինծառայող և Ոսկեվանի 2004թ. ծնված բնակիչը, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։
Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին: Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուծաներին»,- նշել է Զասը:
Մարտի 30-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, հակառակորդը հետ է շպրտվել, սակայն միաժամանակ թիրախավորվել են Բաղանիս և Ոսկեվան գյուղերը. վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա: