Ինչու՞ փակ դագաղներում. ՀԿ ղեկավարը հայտարարել է Հայաստանում օրգանների առևտրի վտանգի մասին
Ես մտահոգություններ ունեմ Հայաստանում օրգանների հնարավոր առևտրի հետ կապված: Այս մասին ապրիլի 1-ին հայտարարել է «Պարացելսուս» հասարակական կազմակերպության ղեկավար եւ հիմնադիր Նունե Ներսիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է, որ բազմաթիվ հարցեր է հարուցում այն հանգամանքը, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մարմինները հարազարներին փոխանցում են փակ դագաղներում: «Արդեն ներկար ժամանակ է մեզ մոտ, նույնիսկ` կառավարության մակարդակով, խոսում են օրգանների առեւտրի վտանգի մասին: Ուստի եւ սա ինձ մոտ մտահոգություն է առաջացնում: Տեսեք, ՁԻԱՀ-ը եւ տուբերկուլյոզը նույնպես վարակիչ հիվանդություններ են, իսկ ինչու՞ այդ դեպքում այդ հիվանդություններից մահացածներին դիահերձում են եւ նրանց աճյունները հարազատներին հանձնում են բաց դագաղներում, իսկ կորոնավիրուսից մահացածներին` փակ դագաղներում: Այսինքն, այստեղ ինչ-որ գաղտնիք կա, որը մեր իշխանությունները կամ այլ երկրների իշխանությունները թաքցնում են»,- պարզաբանել է Ներսիսյանը` հավելելով, որ օրգանների առեւտուրը շատ երկրներում է տարածված:
Համաճարակաբան Արշակ Պապոյանը, իր հերթին, նշեց, որ, նախքան նման որոշումներ կայացնելը, իշխանությունները պետք է խորհրդակցեն փորձագետների եւ գիտնականների հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն նախօրեին հաստատեց փոփոխությունները «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում: «Կողմ» էր քվեարկել իշխող «Իմ քայլը» դաշինքի 69 պատգամավոր: «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորները ներկա չէին նիստին: Օրենսդրական նախաձեռնությունը կորոնավիրուսի հետեւանքով մահացածների դիահերձման արգելք է նախատեսում: