Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակելու պատրաստակամություն է հայտնել. ՀՀ ԱԳՆ
Չինաստանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու պատրաստակամության մասին: Այս մասին մարտի 31-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
Նրա խոսքով՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր չինացի գործընկերոջից անչափ ջերմ նամակ է ստացել , որում նշված է օգնելու եւ առողջապահության նախարարությունների միջեւ փորձի փոխանակման պատրաստակամության մասին:
Փոխնախարարը նաեւ մեկնաբանեց այլ գործընկերներից ակնկալվող օժանդակության հարցը: Ավետ Ադոնցի խոսքով՝ ԱՄՆ-ն հայտարարել է 1,1 մլն դոլար տրամադրելու պատրաստակամության մասին: ԵՄ-ն հայտարարել է 140 մլն եվրո հատկացնելու մտադրության մասին: «Այս միջոցները նախատեսված են «Արեւելյան գործընկերություն» ծրագրի 6 երկրների համար: ԱՀԿ-ի միջոցով 30 մլն-ով գնվելու են բժշկական սարքավերումներ եւ դեղամիջոցներ: 100 մլն-ը ուղղվելու է միջին եւ փոքր ձեռներեցներին: 10 մլն-ը՝ ՀԿ-ների դրամաշնորհային ծրագրերին: Բայց դեռեւս որոշում չի ընդունվել, թե ինչպես է երկրների միջեւ բաշխվելու»,- նշեց փոխնախարարը:
Նա նաեւ հայտնեց ԵՏՄ-ում համատեղ գործողությունների ծրագրի քննարկման մասին: «Հարցն ակտիվորեն քննարկվում է: Ամենամեծ մարտահրավերը հաղորդակցության ուղիների ապահովումն է»,- նշեց ԱԳ փոխնախարարը: