Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հրաժեշտ են տվել Instagram-ում 11 միլիոնանոց լսարանին
Այսօր՝ մարտի 31-ին, Մեգան Մարքլն ու արքայազն Հարին պաշտոնապես դադարում են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունները, ինչը նրանց համար բազմաթիվ փոփոխություններ է ենթադրում, այդ թվում Instagram-ում։ Սասեքսի դուքսն ու դքսուհին 11 մլն հետևորդներին հայտնել են, որ դադարում են օգտվել իրենց հաշվից։
«Դուք մեզ այլևս չեք տեսնի այստեղ, բայց մեր աշխատանքը շարունակվում է։ Շնորհակալություն այս ընկերակցության, աջակցության, ոգեշնչման և աշխարհն ավելի բարին դարձնելու ընդհանուր ձգտման համար։ Մենք անհամբերությամբ սպասում ենք վերամիավորմանը ձեզ հետ»,- հրաժեշտի հրապարակման մեջ գրել են Մեգանն ու Հարին։ «Սասեքսի դուքսն ու դքսուհին այլևս հրապարակումներ չեն անի Instagram-յան @sussexroyal էջում, ինչպես նաև կդադարեն թարմացնել SussexRoyal.com կայքը»,- բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է դուքսի և դքսուհու մամուլի քարտուղարը։
Ի դեպ, Daily Mail-ը հայտնել էր, որ օրերս Մեգան Մարքլն ամուսնուն արգելել է Բրիտանիա մեկնել՝ հորը՝ արքայազն Չարլզին տեսնելու համար, որի մոտ COVID-19 էր ախտորոշվել։