Բջջային կապի օպերատորներն արդեն իսկ ունեն բաժանորդի մասին տեղեկություններ. Բաբկեն Թունյան
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններն կատարելու մասին օրինագծերի փաթեթը պետությանը հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ, որը սովորական պայմաններում լինում է բջջային կապի օպերատորների մոտ եւ այդպես պահպանվում: Այս մասին մարտի 31-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը:
Նա հավելեց, որ եթե խնդիրը հենվում է վստահության հարցի վրա, ապա այդ դեպքում ստացվում է, որ օպերատորների հանդեպ ավելի շատ վստահություն կա, քան պետության: «Եթե այդպես է, ապա պետությանը կարելի է չտրամադրել նաեւ շատ այլ կարեւոր տեղեկություններ, ինչը նպատակահարմար չէ: Եթե վստահություն չկա մարմնի նկատմամբ, որտեղ տեղեկությունը հոսելու է օրենքի ընդունման եւ Կառավարության որոշման դեպքում, ապա կարելի է քննարկել, օրինակ, այդ նույն մարմնի լաուծարումը, բայց դա արդեն այլ հարց է»,- նշեց պատգամավորը:
Իշխանությունների առաջարկած փոփոխությունների փաթեթն աջակցություն է ստացել ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Երկրորդ ընթերցմանը ներկայացված առաջարկները կապված են ձեւակերպումների եւ առողջապահության հարցերի ու ԱԴ շրջանում սահմանափակվող մարդու իրավունքների միջեւ հավասարակշռություն գտնելու հետ: Մենք ձգտել ենք նրան, որ ավելորդ սահմանափակումներ չմտցվեն»,- հավաստիացրեց Թունյանը:
Նա պարզաբանեց, որ խոսքը հեռախոսազանգի կամ զանգի եւ հաղորդագրությունների բովանդակության գաղտնալսման մասին չէ, այլ զանգի փաստի:
Նշենք, որ օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ ԱԴ ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն են ստանում հանրային էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքմանը: Կառավարությունը հնարավորություն կունենա հետեւելու քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, համացանցային միացումներին, շփումներին, նրանց հետ կապված հեռախոսահամարներին, համարների վերահասցեագրմանը, ինչպես նաեւ զանգերին, դրանց տեւողությանը, սակայն Արդարադատության նախարարության հավաստիացմամբ՝ ոչ զրույցների բուն բովանդակությանը: