«Ջիգարխանյանի անվան մրցանակ», կամ ինչու են Արմեն Բորիսովիչի առողջական վիճակի մասին տեղեկություններն այդքան հակասական
Մոսկվայում ծրագրվում է հանձնել «Ջիգարխանյանի անվան մրցանակը», որը կհանձնվի երիտասարդ դերասաններին։ Միջոցառումը նշանակված է այս տարվա սեպտեմբերի վերջին եւ տեղի կունենա համանուն փառատոնի շրջանակներում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արթուր Սողոմոնյանը՝ Արմեն Բորիսովիչի ընկերը։
Առհասարակ Արմեն Ջիգարխանյանի վիճակի վերաբերյալ տեղեկատվությունները հակասական են։ Նրա ընկերը՝ Մարկ Ռուդինշտեյնը, «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում պնդում է, որ Ջիագրխանյանը «վատ է հասկանում՝ ինչպես է կատարվում իր շուրջը, կորցնում է բանականությունը»։ Նրա մեկ այլ ընկեր՝ Արթուր Սողոմոնյանը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում պնդում է, որ Արմեն Բորիսովիչը «լի է էներգիայով եւ ստեղծագործական մտահղացումներով, տնային կարանտինից հետո սպասում է իր ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոն վերադարձին նոր ծրագրերով»։
«Նրա մոտ ամեն ինչ լավ է, նա տանն է, հետեւում է կարանտինին, մինչ այդ ցանկանում էր թատրոն գնալ (Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոն), բայց հետո որոշեցինք, որ ավելի լավ է՝ չանել դա, իսկ հետո նաեւ թատրոնը ժամանակովարպես փակեցին, այդ պատճառով նա ստիպված էր հանգստանալ, նրա տարիքում շատ վտանգավոր է ինչ-որ տեղ գնալ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Մի խոսքով՝ եթե մրցանակաբաշխության եւ փառատոնի դեպքում ամեն ինչ պարզ է, մեծ արտիստի առողջական վիճակի վերաբերյալ ոչինչ հասկանալի չէ։ Ինչո՞ւ… Այս հարցի պատասխանը դեռեւս առկա չէ, եւ լրատվամիջոցներում առաջին անգամ չեն հայտնվում Արմեն Բորիսովիչի ընկերների՝ միմյանց բացառող հայտարարությունները. մեկ նրան հոսպիտալացրել են, մեկ՝ ոչ, մեկ նրա ինքնազգացողությունը վատ է, մեկ՝ հակառակը, շատ լավ։ Իսկ ո՞ւմ հավատան երկրպագուները։ Եվ հնարավո՞ր է, Ջիգարխանյանի շրջապատը պետք է միավորվի եւ հանրությանը տեղեկացնի առավել համոզիչ, համաձայնեցված մեկնաբանություններով։