Մոնրո Արարատը՝ Կապարոսի և կորոնավիրուսի մասին. Հայաստանի հավաքականի պաշտպանը դիմել է հայրենակիցներին (Լուսանկար)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մարզավիճակը պահպանում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում, նաև կիսվել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքներով: Մոնրո Արարատը հարցազրույցի վերջում կոչով դիմել է հայրենակիցներին:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԻ ՄԱՍԻՆ
«Ամեն օր մարզվում եմ տնային պայմաններում: Մեր թիմի ֆիզիկական պատրաստության մարզիչը պարբերաբար տեսազանգերի միջոցով ցուցումներ է տալիս՝ ինչ վարժություններ կատարենք, որպեսզի տնային պայմաններում պահպանենք մարզավիճակը:
Կոլումբիայում իրավիճակն այնպես է, ինչպես ամբողջ աշխարհում: Շատերը դեռ լուրջ չեն վարաբերվում այս վիրուսին և դուրս են գալիս փողոց, կարծես ոչինչ չի էլ եղել: Ցավոք, Իտալիայի օրինակը բոլորիս աչքի առաջ է»:
ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՐՈՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈւՄ ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Կարծում եմ, որ Խոակին Կապարոսի նշանակումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի հավաքականի վրա, սակայն ֆուտբոլիստներն, իրենց հերթին, պետք է կատարեն մարզիչի ցուցումները, որպեսզի հասնենք հաջողության: Մեր հրաշալի երկրպագուներն արժանի են մեծ հաջողության ականատեսը դառնալ: Բոլորս մեկ ընդհանուր նպատակ ունենք:
Այո, ես և հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը խոսում ենք նույն լեզվով, սակայն առավել կարևոր են ֆուտբոլային որակները: Պետք է իմ արագության, փոխանցումների և գոլերի շնորհիվ ապացուցեմ՝ ինչի եմ ընդունակ: Առավելագույն ուժերս կներդնեմ, որպեսզի ամրապնդեմ իմ տեղը հավաքականի մեկնարկային կազմում»:
«ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ՀԱՂԹՈՂ ԴՈւՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ԴԻՄԱԿԱՅՈւԹՅՈՒՆԻՑ»
«Ցանկանում եմ ջերմ ողջույններ հղել համայն հայությանը: Այս օրերին ամբողջ աշխարհն անցնում է շատ դժվար փորձության միջով, մենք սովոր չէինք ամբողջ ժամանակն անցկացնել տանը, սակայն հիմա դա ավելի քան անհրաժեշտ է: Եկեք անենք դա հանուն մեր ընտանիքների, մեր ընկերների և, ի վերջո, հանուն ինքներս մեզ: Պետք է միասին հաղթող դուրս գանք այս դիմակայությունից: Գրկում եմ բոլորիդ»:
Նյութի աղբյուրը՝ News.am Sport