Կորոնավիրուսի դեմ պայքարի համար մենք «շատ լավ վիճակում» կլինենք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը կլինի «շատ լավ վիճակում». համավարակի բարձրակետի շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար արտադրվելու են բավարար քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր, հայտնում է BBC News-ը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նվազագույնը 10 ամերիկյան ընկերություններ հիմա արտադրում են բժշկական սարքավորումներ, իսկ այդ ընկերություններից որոշները նաեւ զբաղվելու են դրանց արտահանմամբ:
«Մեզ մոտ հիմա նվազագույնը 10 ընկերություն կա, որոնք արտադրում են ԹԱՕ սարքեր, եւ մենք ասում ենք՝ առաջ գնացեք, որովհետեւ, անկեղծ ասած, մյուս երկրները երբեք չեն կարող դա անել»,- Սպիտակ տանը համավարակի դեմ պայքարի թեմայով ճեպազրույցում ասել է Դոնալդ Թրամփը:
Ի պատասխան հարցին՝ երկրում արդյոք կլինե՞ն բավարար քանակությամբ ԹԱՕ սարքեր ԱՄՆ-ում բոլոր պացիենտների համար, նախագահը հայտարարել է. «Կարծում եմ, որ մենք շատ լավ վիճակում կլինենք»:
Նրա խոսքով՝ երկրում ավելի քան միլիոն մարդ կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցել, ինչը «ավելի շատ է, քան ցանկացած ուրիշ երկրում»:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ իր վարչակազմին կարելի է շնորհավորել՝ համավարակի դեմ պայքարում առաջընթացի համար:
Թրամփը նաեւ կրկնել է իր նախորդ հայտարարությունն այն մասին, որ մի քանի նահանգապետներ «կուտակում» են կենսականորեն կարեւոր բժշկական սարքավորումներ, ինչպես նաեւ հայտարարել է, որ որոշ անհրաժեշտ բժշկական իրեր, ներառյալ բժշկական դիմակները հիվանդանոցներում գողանում են:
Նա նշել է, որ «ծանր ժամանակը կսկսվի հաջորդ 30 օրերին», սակայն սոցիալական հեռավորության պահպանումը կարող է փրկել միլիոնավոր ամերիկացիների կյանքեր:
«Մենք մեծ հաղթանակ կտանենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը: