Սերգեյ Սարկիսովի «Չարի հպումը» սերիալը՝ «Էմմիի» հավակնորդների կարճ ցանկում
Ռեժիսոր և պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Չարի հպումը» միստիկական սերիալը, որը պատմում է ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանփորդության մասին, ներառվել է «Էմմի» առավոտյան մրցանակի կարճ ցանկում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են «Բլից Ֆիլմ» ընկերության մամուլի ծառայությունից, որը զբաղվել է սերիալի արտադրությամբ։
««Չարի հպումը» (Evil Touch) սերիալը ներառվել է «Էմմի» (Daytime Emmy Award) ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցանկում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Բացի «Բլից Ֆիլմից»՝ սերիալի ստեղծմանը մասնակցել են ամերիկյան Associated Television եւ հայկական Academy Films կազմակերպությունները։ Մամուլի ծառայությունում հայտնել են, որ միստիկ սերիալը նկարահանվել է Հայաստանի տարածքում ամերիկյան հեռուստատեսության համար հայ, ամերիկացի, բրիտանացի դերասանների եւ ռուս նկարահանող խմբի մասնակցությամբ։ «Դրա արտադրությունն օտարերկրյա կինեմատոգրաֆիստներին օգնել է գնահատել Հայաստանում կինոյի բնագավառի պոտենցիալը, պարզել գնային քաղաքականությունը, մասնագետների մակարդակն ու ծանոթանալ կինոարտադրության համար տարբեր լոկացիաների հետ»,- մամուլի ծառայությունը մեջբերել է Սարկիսովի խոսքերը։
Ըստ սյուժեի՝ ամերիկացի ուսանողների խումբը պատահաբար հայտնվում է հայկական խուլ գյուղում։ Ստիպված լինելով այնտեղ գիշեր անցկացնել՝ նրանք շուտով հասկանում են, որ այն վտանգ է ներկայացնում, քանի որ հենց այնտեղ է գտնվում վայրը, որում դարեր շարունակ «չար ոգի» է բանտարկված եղել։ Սերիալում դերերը կատարել են Ջենիֆեր Վիլը, Ջո Նեսիվոչիան, Էրիկ Ֆելոուսը, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոդջսոնը, Քրիս Սփարքսը, Մելորի Ռիզը եւ Դանիել Քովինը, Ալեքսանդր Խաչատրյանը, Անուշ Առաքելյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք։
«Էմմի» առավոտյան մրցանակի հավակնորդների եւ դափնեկիրների ցանկը կազմակերպիչների կողմից կորոշվի մինչև ապրիլի 26-ը։ Մրցանակբաշխության հանձնման արարողությունն անորոշ ժամկետով հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, այն պետք է տեղի ունենար 2020թ.-ի հունիսին։