Իրանի ԱԳ նախարարը համավարակի ֆոնին ԱՄՆ պատժամիջոցներն ահաբեկչություն է որակել
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կորոնավիրուսի համավարակի ժամանակ Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները որակել է «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն, նրա խոսքով՝ այդ միջոցառումները հանգեցնում են երկրում հումանիտար աղետի:
«Ամերիկյան կառավարության մասշտաբային պատժամիջոցների հետ կապված Իրանի ֆինանսական աղբյուրների անօրինական արգելափակման պատճառով անհնարին է դառնում դեղերի եւ բժշկական սարքավորումների ձեռքբերումը: Սա տանում է հումանիտար աղետի»,- նշել է Զարիֆը «Կոմերսանտում» հրապարակված հոդվածում:
Նա հիշեցրել է, որ Իրանի դեմ սահմանված բանկային եւ ֆինանսական հատվածներում սահմանափակումները հարված են հասցնում հումանիտար նպատակներով ապրանքների գնմանը, տարբեր երկրների բանկեր խուսափում են Իրանի հետ գործարքներից՝ բախվելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքին:
«Բժշկական սարքավորումներ արտադրող եվրոպական ընկերությունները ամերիկյան սպառնալիքների պատճառով Իրանի հետ առեւտուր չեն անում եւ նրան բժշկական ապրանքներ չեն վաճառում: Միացյալ Նահանգների պատժամիջոցները տարածվում են օրինական առեւտրի վրա: Ընդ որում՝ ամերիկացի պաշտոնատար անձանց վերջին նախապայմանները դեղերի, բժշկական սարքավորումների եւ հումանիտար ապրանքների վաճառքի արգելքի վերաբերյալ լուրջ խոչընդոտներ են ստեղծում Իրանում COVID-19-ի տարածման դեմ պայքարի ջանքերի համար: Այսպիսով՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական եւ բժշկական ահաբեկչությունը տարատեսակ ձեւեր է ընդունել»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ այսպիսի գործողությունները «իրավունքի տեսակետից ոչ միայն ահաբեկչություն են Իրանի դեմ, այլեւ հանցագործություն մարդկության եւ համաշխարհայինն հանրության դեմ»:
«Ներկայիս զգայուն պահին միակ օգտակար գործը, որն Ամերիկան կարող է անել, կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարին չխանգարելն է եւ միջազգային օգնությունը առաքելու գործում խափանումներ չստեղծելը... Համաշխարհային հանրությունը պետք է ուշքի գա եւ Իրանին օգնի՝ կասեցնելու տնտեսական, բժշկական եւ դեղորայքային ահաբեկչությունը»,- ընդգծել է Զարիֆը: