Նա միակ ֆրանսիացի գործիչն էր, որ Ստամբուլին համառորեն Կոստանդնուպոլիս էր ասում. Արտակ Հերիքյան
«5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Արտակ Հերիքյանը Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, մեր հայրենակից, ՀՀ Պատվո շքանշանի ասպետ Պատրիկ Դևեջյանի մահվան առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նա միակ ֆրանսիացի պետական գործիչն էր, որ Ստամբուլին համառորեն Կոստանդնուպոլիս էր ասում: Նույնիսկ, երբ զրուցակիցները թուրքեր էին:
Մի անգամ Ծիծեռնակաբերդում թուրք լրագրողուհին փորձեց ուղղել նրան.
-Ուզում էիք ասել Ստամբու՞լ...
-Ո՛չ, ուզում էի ասել Կոստանդնուպոլի՛ս և ասացի Կոստանդնուպոլի՛ս:
-Այդ քաղաքի անունը Ստամբուլ է:
-Եվ վաղու՞ց...
«Հյուրիեթի» թղթակցուհին շփոթված աջուձախ նայեց՝ գործընկեր լրագրողների աջակցությունը ստանալու հույսով:
Պատրիկ Դևեջյանը ֆրանսիական ժպիտի տակ չկարողացավ քողարկել հայկական բարկությունը.
-Տիկի՛ն, երբ մերոնք ստիպված եղան փախչել այնտեղից, այդ քաղաքը Կոստանդնուպոլիս էր:
Դևեջյանի հայրը Պոլսի կաթոլիկ, ֆրանկոֆոն ընտանիքից էր: Ֆրանսիա է մեկնել 18 տարեկանում, ֆրանսիական կառավարության կրթաթոշակով ճարտարագիտություն ուսանելու: Ձուլագործության ինժեներ էր, ստեղծել է արագաեռ կաթսան:
Դևեջյանի պապը Օսմանյան կայսրությունում պետական ծառայող էր: Ցեղասպանության ժամանակ կարողացել է թաքնվել, քանի որ թուրքական բանակի գնդապետ հարևանը զգուշացրել է նրան՝ հայերին սպառնացող վտանգի մասին:
Հանգչի՛ր խաղաղությամբ, Պատրիկ-Գարեգին Դևեջյան»:
Հիշեցնենք, որ Դևեջյանի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։