Մենք ուզում ենք երկիր, որտեղ բիզնեսով կզբաղվի ոչ միայն Արայիկ Հարությունյանը. նախագահի թեկնածուների բանավեճը
Արցախի նախագահի թեկնածու Սերգեյ Ամիրյանի կարծիքով բանավեճի ձևաչափն ու կանոները չեն համապատասխանում ստանդարտներին: Այս մասին այսօր` մարտի 29-ին, ասաց նա նախագահի 12 թեկնածուների մասնակցությամբ ընթացող հեռուստաբանավեճի ժամանակ:
«Այն, որ այս բանավեճի ձևաչափն ու կանոները չեն համապատասխանում ստանդարտներին, այնպես էլ էությանս չի համապատասխանում մրցակցել որոշ թեկնածուների հետ, քանի որ չեմ կարող ինձ մրցակից համարել նրանց հետ, ովքեր ծառայել են իշխող կլանին, անսկզբունքային են, խորտակել են մեր երեխաների ապագան, հանուն փողի ու իշխանության պղտորել են իրենց կենսագրությունը: Նման որակներով թեկնածուն ինձ համար մրցակից համարվել չի կարող»,- ասաց նա:
Թեկնածուներից Վահան Բադասյանը առողջություն մաղթեց Արցախի ժողովրդին կորոնավիրուսի տարածման ժամանակներում։
Վիտալի Բալասանյանն էլ նշեց, որ կարևոր է նման ձևաչափով հանդիպումը, երբ թեկնածուները հնարավորություն կունենան միմյանց հարցեր ուղղել եւ ընտրողներն էլ կկարողանան եզրակացություն անել` վերականգնելու արդարությունը եւ ունենալու անվտանգ Արցախ:
Թեկնածուներից Ռուսլան Իսրայելյանը իր խոսքում անդրադարձավ նրան, որ ինքը կոչ էր արել բոլոր թեկնածուներին համատեղ հայտարարությամբ հանդես գալ` դիմելով նախագահին հայտարարելու արտակարգ դրություն և հետաձգելու ընտրությունները:
«Իմ կոչին արձագանքել են 5 թենածուներ, այն դեպքում, երբ այստեղ ներկա թեկնածուներից կան այնպիսիները, որոնք առանձին հանդես են եկել նման կոչով»,- ասաց նա:
Թեկնածուներից Հայկ Խանումյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է երկրում արմատախիլ անել կոռուպցիան:
«Մեր երկրում տեղի է ունեցել կոռուպցիայի ամենադաժան տեսակը, երբ իշխանությունը եւ բիզնեսը միաձուլվել են: Այս դեպքում բիզնեսով զբաղվելու հնարավորություն է ունենում միայն բարձրաստիճան պաշտոնյան եւ նրա շրջապատը: Մենք ուզում ենք ստեղծել մի այնպիսի երկիր, որտեղ բիզնեսով զբաղվելու հնարավորություն կունենան ոչ միայն Արայիկ Հարությունյանը եւ Բակո Սահակյանը և նրանց նեղ շրջապատը, այլ համատարած»,-ասաց նա:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:
Չնայած Հայաստանից և Արցախից հնչող բազմաթիվ կոչերին հետաձգել ընտրություները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, Արցախի իշխանություները մինչև այս պահը ընտրություները հետաձգելու որոշում չեն կայացրել: