Շվեդիան կորոնավիրուսի համավարակի ժամանակ․ Ստոկհոլմի փողոցները հանգիստ են, բայց ոչ դատարկ (Լուսանկարներ)
Ստոկհոլմի փողոցները հանգիստ են, սակայն ոչ դատարկ։ Մարդիկ շարունակում են այցելել սրճարաններ շվեդական մայրաքաղաքի կենտրոնում, իսկ ծաղկավաճառները շարունակում են աշխատել, գրում է Associated Press-ը։
Դեռահասները նաեւ հավաքվում են խմբերով, նստում այգիներում։ Ոմանք ողջունում են միմյանց գրկախառնությունների եւ ձեռքսեղմումների միջոցով։
Երկարատեւ եւ մռայլ սկանդինավյան ձմռանը հաջորդած կորոնավիրուսի համավարակը չի կարող ստիպել շվեդներին մնալ տանը՝ չնայած գրեթե ամբողջ աշխարհը ներկայում տանն է։
Շվեդիայի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին պահպանել սոցիալական հեռավորությունն ու հնարավորինս աշխատել տնից, իսկ 70 եւ բարձր տարիք ունեցող մարդկանց կոչ են արել ինքնամեկուսանալ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը կանխարգելելու համար։
Ընդ որում՝ ի տարբերություն ամբողջ աշխարհում հայտարարված խիստ սահմանափակումների՝ միայն այստեղ է նկատվում անձի որոշակի ազատություն։
Շվեդիայում արգելել են ժամանակ անցկացնել ակումբներում, սակայն ռեստորանները դեռեւս բաց են։ Ավագ դպրոցներն ու համալսարանները փակ են, սակայն նախադպրոցական հաստատություններում եւ կրտսեր դպրոցներում դեռեւս անցկացվում են դասեր։
Շվեդ փորձագետի կարծիքով՝ մյուս եվրոպական քաղաքները ձեռնարկել են «չմտածված քայլեր գիտությամբ թելադրված քայլերի փոխարեն»։