Պուտինը հանձնարարել է երկարաձգել հարկերի վճարման ժամկետը փոքր եւ միջին բիզնեսի համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կես տարով երկարաձգել հարկերի վճարումը փոքր եւ միջին բիզնեսի համար, որը տուժել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդում է Gazeta-ն։
Նախագահի հանձնարարականների ցանկը հրապարակված է Կրեմլի կայքում։
Երկրի ղեկավարը կարգադրել է մինչեւ մարտի 30-ը հետաձգել հարկային վճարումները վեց ամսով փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, որոնք գործում են համավարակի հետեւանքով առավելապես տուժած ոլորտներում։
Հանձնարարականը ենթադրում է հարկերը եւ հարկային կանխավճարները գանձելու հետաձգում՝ բացառությամբ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)։
Մարտի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ՝ առաջարկելով լրացուցիչ միջոցառումներ համավարակի պայմաններում տնտեսությունը կայունացնելու համար։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդության հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն էր, որը ստացել է COVID-19 անվանումը։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր նոր կորոնավիրուսի համավարակ։