Տիգրանը հոգեպես ընկճված է, չի խոսում, հայհոյել են նրա կնոջը, մորը. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Ոստիկանության տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում, իմ պաշտպանյալ Տիգրան Կարապետյանը ոստիկանի չի հարվածել, այլ նրան քարշ տալուց անկանոն շարժումների հետեւանքով հարված եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը`անդրադառնալով երեկ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ Երևանի 47-ամյա բնակիչը հարբած վիճակում մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին:
«Ոստիկանությունը այդ հայտարարությունը տեղադրեց քաղաքացուն խոշանգելու մասին լուրը հրապարակելուց հետո, եւ եթե կար ոստիկանին հարվածելու փաստ, ապա թող ավելի շուտ իրենց պաշտոնական էջում տեղադրեին, ոչ թե նյութին հակադարձեին: Այսինքն այ ամենից ենթադրում ենք, որ Ոստիկանության հայտարությունը իրականությանը չի համապատասխանում: Կարեւոր չէ, թե ով է, քաղաքացի է, ով խոշտանգվել է, նվաստացվել է: Ոստիկանությունում թքել են նրա վրա, ուզեցել են մտցնեն զուգարան, կոտրեն, հենց հիմա Տիգրանը հոգեպես ընկճված վիճակում է, չի խոսում, նրա հինգ տարեկան երեխային են հայհոյել, կնոջը, մորը: Մի խոսքով` քաղաքացի է ծեծվել Ոստիկանության բաժնում, օպերների կողմից ստորացվել է բաժնի պետի եւ քրեականի պետի կողմից, այսինքն այդ բաժինը միշտ էլ փայլել է այդ գործողություններով»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանը պատմեց, որ իր պաշտպանյալը արագ է վարել մեքենան, քանի որ երեխայի համար դեղամիջոց գնելու էր շտապում, նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով ոստիկանները եւ ասել են` «ինչու ես արագ քշում, քեզ ով է` թույլ տվել», ինչին Տիգրանը հակադարձել է` «դուք ով եք` ինձ ասեք, թե ես ոնց քշեմ», ու նա չի իմացել, որ ոստիկաններ են իր հետ խոսող անձինք:
«Դուրս են գալիս ոստիկանները նրանք քարշ տալով, ծեծելով, տշելով տանում են նրա մեքենան են նստացնում եւ տեսանյութ ունեն, եւ դրանում էլ երեւոմ է, որ օպերլիազորի աչքը վնասվում է Տիգրանի անկանոն շարժումներից, երբ նրան քարշ են տալիս: Դեմքի վրա նորմալ տեղ չի մնացել, որովհետեւ նրան չեն ծեծել, այլ կոնկրետ տշել են»,- պատմեց փաստաբանը:
Նա հայտնեց նաև, որ այսօր Տիգրան Կարապետյանին ռենտգեն զննման են ենթարկելու:
Հիշեցնենք՝ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ: Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։
Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք: Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5։25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին' հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստիճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»: