Ռուսաստանում կորոնավիրուսի ախտորոշման նոր թեստ-համակարգ են մշակել. Интерфакс
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում կորոնավիրուսի ախտորոշման նոր թեստ-համակարգ են մշակել, որը հնարավորություն է տալիս հետազոտության արդյունքները ստանալ թեստի հանձնումից 1.5 ժամ անց: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով стопкоронавирус.рф Telegram-ալիքի հաղորդագրությունը:
«Թեստերի զգայունությունը շատ բարձր է: Բացի այդ, դրանք թույլ են տալիս մի քանի անգամ կրճատել փորձանմուշի նախապատրաստման աշխատանքներին հատկացվող ժամանակը, իսկ արդյունքը հնարավոր է ստանալ 90 րոպեից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկուշաբթի օրվանից Ռուսաստանում կսկսվի այդ թեստի թողարկումը շաբաթական հազար քանակով, որոնցից յուրաքանչյուրը 100 հետազոտության հնարավորություն կտա: Ընդհանուր առմամբ, այն կբավականացնի 100 000 հետազոտության համար: