«Շատ տարօրինակ ժամանակներում ենք ապրում. չգիտենք թե ե՞րբ կավարտվի համաճարակը և ինչպե՞ս կավարտվի». Արտակ Զաքարյան
Մենք շատ տարօրինակ ժամանակներում ենք ապրում. չգիտենք թե ե՞րբ կավարտվի համաճարակը եւ ինչպե՞ս կավարտվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշում է.
«Կարող ենք միայն ենթադրել, որ այն կունենա երկարաժամկետ քաղաքական ու տնտեսական ազդեցություններ: Ինչպես պնդում են պատմաբանները՝ համաճարակները ոչ թե թրենդ են, այլ իրադարձություն: Ըստ նրանց՝ համաճարակները սկսվում են ժամանակի կոնկրետ պահի, ունենում են զարգացման սցենարներ, զուգահեռաբար աճող լարվածություն, այնուհետ առաջացած ճգնաժամերը ստանում են անհատական եւ խմբային բնույթ, եւ վերջապես շարժվում են դեպի ավարտը:
Առայժմ բարդ է հստակ հետեւություններ անել, թե հետհամաճարակային սպասվող ճգնաժամը տնտեսական, սոցիալական ու քաղաքական ինչպեսի ազդեցություն կունենա, սակայն կորոնավիրուսից որոշակի “թարմ” դասեր արդեն կարելի է քաղել:
Դաս առաջին. Կորոնավիրուսը ցույց տվեց, որ բաց հասարակության ու ազատ շուկայի կանոններով ապրող պետությունները գլոբալ համաճարակային իրավիճակներում շատ “կարճ ձեռքեր” ունեն: Ստեղծված իրավիճակի համար ազատ շուկան չունի գործունեության բանաձեւեր եւ չի լուծում հասարակության պահանջմունքները: Դա չի կարողանալու անել նաեւ հետհամաճարակային տնտեսական ու սոցիալական ճգնաժամերը հաղթահարելու համար: Հետեւաբար՝ մարդիկ ստիպված վերադառանու են ուժեղ կառավարություններին:
Հասարակությունների բոլոր շերտերն իրենց կարիքների ու պահանջմունքների լուծման միակ հասցեատերը այլեւս համարում են կառավարությանը: Բոլոր այն կառույցները, որոնք ունեին սոցիալական պատասխանատվություն, այսօր արդեն չեն գործում:
Կառավարությունները, պետք է կարողանան իրենց ձեռքը հավաքել բոլոր տեսակի պրոբլեմների լուծման թելերը: Կարողանան փոխել կառավարման որակը, բնույթը, եւ խաղի կանոնները, համաժամանակյա որոշումներ կայացնեն խոշոր, միջին եւ փոքր բիզնեսների համար՝ առանց հակադրելու նրանց շահերը: Հստակ քայլեր ձեռնարկեն ֆինանսա-տնտեսական ռեսուրսների վերաբաշխման համար: Հակաճգնաժամային քաղաքականության կոնկրետ գործողություններով համախմբեն քաղաքական, մասանգիտական եւ հանրային բոլոր գաղափարներն ու կադրային ռեսուրսները:
Իսկ մինչ այդ այսօրվա թիվ մեկ խնդիրը համաճարակը զսպելն է՝ հնարավորինս նվազագույն կորուստներով: Այդ առումով հասարակության առողջ մասի մոտ առկա բոլոր գաղափարները ոչ միայն իրավունք ունեն, այլ պարտավոր են հնչեցվելու:
Մենք տեսանք, որ մեր կառավարության գործողությունները սեփական սխալների, հապճեպության, անպատրաստվածության, նաեւ անլուրջ վերաբերմունքի ֆոնի վրա էին իրականացվում: Բայց դրանում մեր երկիրը միակը չէ: Կորոնավիրուսին անլուրջ վերաբերված շատ կառավարություններ են այսօր հայտնվել ծայրահեղ բարդ վիճակներում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը: Այլապես նրա հաջորդական սխալները կարող են ճակատագրական լինել յուրաքանչյուրիս համար:
Սահմանված համընդհանուր կանոնները խստորեն պետք է պահպանվեն, ցանկացած տիպի դժվարություն պետք է համատեղ հաղթահարենք ու ամենակարեւորը պատրաստ լինենք համաճարակի զարգացման ամենաբարդ սցենարների: Ոչ մի րոպե չպետք է մոռանանք անվտանգության ապահովման մասին, որը չի հետաձգվում նույնիսկ գլոբալ համաճարակներով:
Պետության գործադիր եւ օրենսդիր հատվածի մեծ մասն անփորձ երիտասարդներ են: Դատելով նրանց հարցազրույցներից ու խնդիրներին ցուցաբերած մոտեցումներից, պարզ երեւում է, որ շատերը նույնիսկ չեն պատկերացնում հարցի լրջության աստիճանն ու հետեւանքները: Միայն Նիկոլ Փաշինյանի պատկերացումները, այլ երկրների գործողությունները կրկնօրինակելը եւ պարետատան ընթացիկ հայտարարությունները դեռեւս բավարար չեն իրավիճակի արդյունավետ վերահսկողության համար: Ուզում եմ հավատալ, որ վաղը, մյուս օրը, հաջորդ օրերին մեզանից յուրաքանչյուրը դառնալու է այս իրավիճակից դուրս գալու համար համատեղ ջանքերի մի մասնիկը: Ուզում եմ նաեւ հավատալ, որ կառավարության եւ նրա ֆեյքային հատվածի անպատեհ պայքարն ընդդիմության դեմ՝ փոխարինվելու է հակահամաճարակային համատեղ պայքարով: Գոնե հիմա պետք է սովորեն կորոնավիրուսի թիվ մեկ դասը:
Եվ ամենագլխավորը՝ պահպանենք սոցիալական տարածություն, լինենք տանը - ահա հանրային համերաշխության ներկայիս անվանումը: