Այս պահին մենք ունենք տեղեկություն միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին, որը Սոչիում՝ Կրասնոդար ժամանելուց հետո մեկուսացվել էր ինֆեկցիոն հիվանդանոցում. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Այս պահին մենք ունենք տեղեկություն միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին, որը Սոչիում՝ Կրասնոդար ժամանելուց հետո մեկուսացվել էր ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ի պատասխան հայերի շրջանում վարակվածների առկայության մասին հարցին։
Կարանտինն ու սահմանափակումներն ինչպես կազդեն Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա. Ըստ Վարդան Տողանյանի տնտեսական հետևանքները լուրջ ազդեցություն կունենան նաև Հայաստանի վրա։
«Այս խնդիրը մի շարք խնդիրների թնջուկ է, որովհետև այն սահմանափակումները, գործում են մի շարք ոլորտների վրա՝ շինարարություն, սպասարկման ոլորտ, մեծածախ առևուր, առևտրի կենտրոններ։ Սրանք կամ սահմանափակված են, կամ, մարդկանց քանակի, սահմանափակումների հետ կապված համարյա թե չեն աշխատում կամ փակվելու եզրին են։ Դա կնշանակի, որ այս ոլորտում ներգրավված ՀՀ քաղաքացիները, ինչպես սեզոնային այնպես մշտապես բնակվող, և այդ ոլորտներում՝ շինարարության և առևտրի, ընդգրկվածների թիվն իսկապես շատ է, բնականաբար այս պահին ունեն խնդիրներ իրենց համապատասխան ձեռնարկությունները կամ օբյեկտները փակելու, ժամանակավորապես դադարեցնելու, Հայաստան վերադառնալու։ Եվ սա օբյեկտիվ խնդիր է․ չունենալով եկամուտներ, ՌԴ-ում գտնվելու հնարավորություն մեծ մասի մոտ այլևս չի լինի և ստիպված կլինեն վերադառնալ։ Խնդիրը կծագի քիչ ավելի ուշ, որովհետև սահմանափակումները նոր են սկսվել և մարդիկ պետք է կայացնեն համապատասխան որոշումներ»։