23 ՀՀ քաղաքացի Վրաստանից տեղափոխվել է Հայաստան (Լուսանկարներ)
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այսօր կազմակերպել է Վրաստանում գտնվող եւ Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Այս մասին այսօր` մարտի 27-ին հայտարարություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ եւ Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։
Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչեւ Երեւան։
Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի եւ Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»։