Ֆրանսիայում կորոնավիրուսից 16 տարեկան աղջիկ է մահացել. նա քրոնիկ հիվանդություններ չի ունեցել
Փարիզի Նեկեր հիվանդանոցում կորոնավիրուսից 16 տարեկան աղջիկ է մահացել: Ժյուլի Ա.-ն քրոնիկ հիվանդություններ եւ առողջական որեւէ այլ խնդիրներ չի ունեցել, հաղորդում է rfi.fr-ը:
Անցած շաբաթ աղջկա մոտ հազ է սկսվել, որի դեմ նա սիրոպներ եւ ինհալացիաներ է կիրառել: Շաբաթ օրը նրա մոտ շնչառական խնդիրներ են սկսվել: Այս մասին պատմել է նրա մայրը՝ Սաբինը:
Երկուշաբթի թեթեւ հեւոցը հազի նոպաների է վերածվել, եւ մայրը աղջիկան բժշկի է տարել։ Թերապեւտը աղջկա մոտ "էկական շնչառական անբավարարություն" է ախտորոշել եւ հենց տեղում շտապօգնություն է կանչել:
Բժիշկների փոխարեն հրշեջներ են եկել, որոնք Ֆրանսիայում եւս առաջին օգնություն են ցուցաբերում, մասնավորապես՝ դժբախտ պատահարների ժամանակ:Հատուկ համազգեստ, ձեռնոցներ ու դիմակներ հագած՝ նրանք աղջան մոտակա հիվանդանոց են հասցրել, որտեղ կորոնավիրուսի թեստ է անցկացվել։ Առանց թեստի արդյուքներին սպասելու՝ աղջկան տեղափոխել են փարիզյան Նեկեր հիվանդանոցը, որտեղ եւս երկու թեստ են անցկացրել։ Այս թեստերի պատասխանները բացասական էին, եւ հարազատնելը շունչ էին քաշել՝ մտածելով, որ կորոնավիրուս աղջկա մոտ չկա։
Մայրը տուն է վերադարձել՝ խոստանալով հաջորդ առավոտ վերադառնալ: Սակայն ավելի ուշ կնոջը հայտնել են, որ ամենաառաջին թեստը դրական արդյունք է տվել, իսկ Ժյուլիի վիճակը վատացել է, եւ նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Գիշերվա ժամը մեկին Սաբինը հիվանդանոց է շտապել, սակայն երբ հասել է, Ժյուլին արդեն մահացած է եղել:
Բժիշկները ասել են աղջկա մորն ու քրոջը, որ աղջկան կհուղարկավորեն փակ դագաղի մեջ՝ համաձայն համաճարակի ժամանակ գործող արձանագրության: Հոգեհանգստի արարողություն անցկացնել եւս չի թույլատրվել, իսկ հուղարկավորությանը կարող է ներկա լինել միայն 10 մարդ:
Հարազատներին թույլ չտվեցին նույնսիկ վերցնել Ժյուլիի իրերը․ դրանք կայրեն: Սաբինին հաջողվել է պահել միայն աղջկա մկրտության շղթան եւ ապարանջանը:
«Ժամանակն է դադարել կարծել, որ այդ վիրուսը վտանգավոր է միայն տարեցների համար», - Le Parisien-ի հետ զրույցում ասել է աղջկա քույրը:
Ֆրանսիայի առողջապահության փոխնախարար Ժերոմ Սալոմոնը, ով հայտնել է աղջկա մահվան մասին, ասել է, որ աղջիկը կորոնավիրուսի ծանր տեսակի զոհ է դարձել, որը հազվադեպ է հանդիպում երիտասարդների մոտ: