Ալափարսում միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել. Ստացվում է՝ ոչ պաշտոնական տվյալներով Կորոնավիրուսից երեք մահ է գրանցվել Հանրապետությունո՞ւմ
Մարտի 26-ին Կոտայքի մարզի Ալափարս գյուղում «միակողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետ Արտակ Սարիբեկյանն ասել է, որ 59-ամյա կինն ունեցել է նաև այլ հիվանդություն։ Նա հայտնել է, որ կինը տեղափոխվել էր Նորքի «Ինֆեկցիոն» հիվանդանոց։
«Չեմ կարող ասել՝ գյուղում է մահացել, թե հիվանդանոցում»,- ասել է համայնքապետը։ Նա հայտնել է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիվանդանոցից էլ հայտնել են, որ իրենք չեն կարող առայժմ դա հաստատել, եւ խորհուրդ տվել զանգել Առողջապահության նախարարություն: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն էլ առանց հարցը լսելու ասել է, որ չի կարող խոսել ու անջատել:
Հ.Գ. Ստացվում է՝ ոչ պաշտոնական տվյալներով Կորոնավիրուսից երեք մահ է գրանցվել Հանրապետությունո՞ւմ, մեկը՝ Գյումրիում մահացության դեպքը, որի շուրջ այդքան մեծ աղմուկ բարձրացավ, մյուսը պաշտոնապես հաստատված երեկվա Նորք Ինֆեկցիոնում մահացության դեպքը և սա՞: