Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը մեկուսացված 80 մարդ կա, այդ թվում հղիներ. Բոլորն իրենց լավ են զգում. Թորոսյանը Ծաղկաձորից
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լայվ էր մտել Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տնից, որտեղ 80 մեկուսացված անձինք կան:
Նա նշեց, որ սա Ծաղկաձորում իրենց երկրորդ կետն է. «Այստեղ գտնվողն քաղաքացիները մինիմում երկշաբաթյա ժամանակ են անցկացնում, հետո թեստավորվելուց հետո ուղեւորվում տուն»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ աշխատանքների գլխավոր համակարգողը Կոտայքի մարզից Դավիթ Կարապետյանն է, ինչպես նաեւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակից Սպարտակը, ով արդեն 9-րդ օրն է, այստեղ է գտնվում, տուն չի գնում:
Վերջինս իր խոսքում նշեց. «Այս պահին ունենք 80 հյուր, որոնք իրենց շատ լավ են զգում, սպասարկումը կատարվում է ամենաբարձր մակարդակով: Ունենք տարբեր մարդիկ, որոնք օգնում են մեզ: Սնունդը բարձրակարգ է, բարերարները մեզ մատակարարում են խորոված, նարինջ, կիվի, անանաս, տարբեր մրգեր, բնական հյութեր: Ավելի առողջ սննդից ունենք տնական կաթ, մածուն, թթվասեր, որը պարոն Կարապետյանը հատուկ բերում է մեր հղիների համար: Հղիներից մեկն անհանգստանում էր, որ երեխայի սրտի զարկերը չի լսում, պարոն Կարապետյանը բերեց հատուկ սարքավորում եւ մասնագետներ: Ներկայումս հիղները գտնվում են շատ լավ վիճակում, ամեն բան նորմալ է: Այնքան լավ է, որ շատերը ցանկանում են եւս 14 օր հետաձգել այստեղ իրենց նմանը»:
Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ այստեղ կարծես զուգահեռ իրականություն է գործում. «Մի քիչ դարպասները փակ ենք պահում, որ ներսու դուրս չանեն, բայց ներսում կյանքը շարունակվում է, ինչպես առօրյայում: Հույս ունենք, որ բոլորը կգնան տուն: Սակայն, երբ լինում է առողջական խնդիր, տեղափոխում ենք հիվանդանոց»: