«Մեր ախպեր ձյաձը». ովքե՞ր են «օրվա հերոսի» հետ առնչվող հայտնիները (Լուսանկարներ)
Հրաչյա Հարությունյան անվամբ օգտատիրոջ՝ կառավարության թերացումների մասին բարձրաձայնողների հասցեին արված հայհոյախառն գրառումն արժանացավ հանրության բուռն արձագանքին։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։
Ըստ Ֆեյսբուքի՝ ծնունդով գյումրեցի, երևանաբնակ Հրաչյա Հարությունյանն աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր», ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովում։
«Գրառումից և բուռն ալիքից որոշ ժամանակ անց՝ Հրաչյա Հարությունյանն էջը ապաակտիվացրեց, այդուհանդերձ, մինչ այդ մեզ հաջողվեց վերջինիս տարբեր լուսանկարների տակ արած գրառումների և հավանության նշանների միջոցով գոնե մոտավոր կերպով պարզել, որ «օրվա հերոսը» ներկայիս իշխանական որոշ բարձրաստիճան շրջանակների հետ ունեցել է մտերմիկ կապեր, ինչպես երևում է՝ այդ շրջանակների հետ «ճամփա է անցել» կամ, առնվազն, վայելել վերջիններիս սերն ու համակրանքը։
Բնականաբար՝ այս օրերին չէ, որ պետք է հիշյալ շրջանակների քաղաքական վարքագծի հասցեին հնչեցնել քննադատություններ, և այստեղից ելնելով էլ՝ ընդդիմադիր շրջանակների քննադատություններն ու առաջարկություններն ընդհանուր առմամբ ուղղված են իշխանությունների՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ծրագրային թերացումներին ու ակնհայտ բացթողումներին։
Հետևաբար՝ իշխանական թիմում գտնվող անձի կողմից ընդդիմադիր շրջանակների հասցեին նման կարգի որակումները վկայում են, որ իշխանության նշված շրջանակներում դեռևս գերիշխում է ոչ թե պետական բարձր գիտակցությունը, այլ փողոցային վարքագիծը։ Այս ցավալի իրողությունը ևս մեկ անգամ փաստեցին հենց իրենք՝ բարձրաստիճան պատասխանատու որոշ պաշտոնյաներ, որոնք տեղում խանդավառվեցին փողոցային ոճի գրառման ի հայտ գալով և դատապարտելու փոխարեն ջերմորեն արձագանքեցին դրան¦, գրում է կայքը։
Աղբյուրին չի հաջողվել պարզել, թե ի՞նչ է աշխատում Հրաչյա Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում, սակայն փաստել է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի 2019 թ. պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 հազար դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար): «Բնականաբար՝ չի բացառվում, որ ԱԺ-ում պարգևատրվողների ցանկում է նաև «օրվա հերոսի» անունը, իսկ թե ինչի համար՝ արդեն իմացանք», գրել է Yerkir.am-ը։