ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում 64 երկրների 274 մլն դոլարի օգնություն է հատկացրել. Պետքարտուղարություն
Միացյալ Նահանգները ՄԱԿ է ուղարկել մոտ 274 մլն դոլար կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում 64 երկրների շտապ բժշկական եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Պոմպեոյի հայտարարության մեջ նշված է, որ միջոցները փոխանցվելու են համավարակի դեմ առավել խոցելի զարգացող երկրներին եւ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին թույլ կտան օգնություն ցուցաբերել աշխարհի տարբեր տարածաշրջաններում բնակչության առավել կարիքավոր խմբերին:
Հատկացված միջոցներից 100 մլն դոլար կուղղվի անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալուն, եւս 110 մլն՝ օգնությանը, որը ցույց է տրվում տարերային աղետների ժամանակ: 64 մլն դոլար փոխանցվել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ որպես հումանիտար օգնություն:
ԱՄՆ-ն նախկինի պես առաջատարն է հումանիտար եւ առողջապահության ոլորտում մյուս երկրներին օգնություն ցուցաբերելու գործում: 2009 թվականից սկսած Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում հումանիտար նպատակների համար հատկացրել է 100 մլրդ դոլարից ավելի:
«Միացյալ Նահանգները շարունակելու է միջոցներ ընդունել COVID-19 համավարակի դեմ պայքարում: Այս ֆինանսավորումը համալրում է մշտական ֆինանսավորումը, որը մենք արդեն տրամադրում ենք միջազգային կազմակերպություններին, ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ին»,- ընդգծել է Մայք Պոմպեոն:
Պետքարտուղարը նաեւ հիշեցրել է, որ մարտի 6-ին նախագահ Դոնալդ Թրամփը օրենք է ստորագրել լրացուցիչ հատկացումների մասին, որը նախատեսում է 1,3 մլրդ դոլարի չափով լրացուցիչ օգնության ցուցաբերում արտասահմանյան պետություններին: