Ռեստորանային համալիրի հարեւանությամբ «Մերսեդես» է վթարվել ու այրվել (Լուսանկարներ)
Խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ այսօր, ժամը 22:30-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ճանապարհային ոստիկանության տեսուչներ։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու քաղաքացիները, այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մարել են Mercedes մակնիշի 35 CՍ 039 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Գեղարդ գյուղի բնակիչ, 62-ամյա Համբարձում Պողոսյանը ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ մեքենան վարել է ինքը և վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, սակայն, ըստ աղբյուրի, ոստիկանները ունեն կասկածներ, որ վարորդը նա չի եղել: