Ո՞վ է Նորք Ինֆեկցիոնում մահացած պացիենտը. 72–ամյա կինը ՀՀ քաղաքացի էր
Ինչպես արդեն Operativ լրատվականը հաղորդել էր, Առողջապահության նախարարությունն երեկ երեկոյան տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածի մահվան դեպք։
72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։
Երեկ ավելի վաղ՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ. մյուսը ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ տարիքային բարձր խմբում են՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»։
NEWS.am-ը Առողջապահության նախարարությունից փորձել է ճշտել՝ արդյոք մահացածը վարչապետի նշած երկու քաղաքացիներից մեկն է, քանի որ վարչապետը խոսում էր 75–ից բարձր տարիքային խմբի մասին, մինչդեռ մահացածը 72 տարեկան է։
Նախարարությունից ասել են, որ չեն մեկնաբանում։ Տեղեկացրել են միայն, որ մահացածը կին է, Հայաստանի քաղաքացի, և նախորդ օրվանից եղել է ծայրահեղ ծանր վիճակում Վերակենդանացման բաժնում։