Էրեբունիի և Չարենցավանի արտադրամասերից մի քանի հարյուր մարդ է մեկուսացվել: Սակայն չի կարելի պնդել, որ հայտնաբերվել և մեկուսացվել են նրանց հետ շփված բոլոր պացիենտները
Էրեբունիի և Չարենցավանի արտադրամասերից մի քանի հարյուր մարդ է մեկուսացվել: Սակայն չի կարելի պնդել, որ հայտնաբերվել և մեկուսացվել են նրանց հետ շփված բոլոր պացիենտները: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ մեկուսացվածների հստակ թիվը չի ներկայացվում, քանի որ այն կարող է արագ փոխվել: Երեկ, օրինակ, մեկուսացվել է մոտ 140 մարդ՝ կապված Էրեբունիի արտադրամասի հետ. դրանք և՛ արտադրամասի աշխատակիցներն են, և՛ նրանց հետ շփված անձինք:
Մեկուսացվել է նաև մոտ 300 մարդ, որոնք կապ են ունեցել Չարենցավանի արտադրամասի հետ:
Նախարարի խոսքով՝ համաճարակաբանական հետազոտությունները սովորաբար երկար են տևում, և դրանք չեն դադարեցվի, քանի դեռ կան մարդիկ, որոնք կարող են վարակված լինել, և քանի դեռ կա նրանց մեկուսացման պայմաններում պահելու հնարավորություն:
Նախարարը նշեց, որ այսօր կորոնավիրուսի հայտնաբերման համար թեստերն անցկացվում են բժշկական և համաճարակաբանական ցուցումներով, սակայն կարող է մի պահ գալ, երբ դրանք կանցկացվեն միայն բժշկական ցուցումներով, եթե պացիենտների թիվն ավելանա: Սակայն այսօր արվում է հնարավոր ամեն ինչ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: Այդ խնդրի հետ, նախարարի խոսքով, այսօր բախվում են աշխարհի բոլոր երկրներում: