Սենատը հաստատել է 2.2 տրիլիոն դոլարի հակաճգնաժամային օգնության փաթեթը. Voice of America
ԱՄՆ Սենատը հաստատել է աննախադեպ 2.2 տրիլիոն դոլարի չափով տնտեսական ճգնաժամի հաղթահարման փաթեթը, որը կուղղվի կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով տուժած բիզնեսներին, աշխատողներին եւ առողջապահական համակարգերեին, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
Օրինագիծը միաձայն աջակցություն է ստացել` չնայած երկու կողմերի մտավախություններին առ այն, որ առաջարկվող միջոցառումները չափազանց մասշտաբային են կամ, հակառակը` բավարար չափով մասշտաբային չեն: Քվեարկությանը նախորդել էին մի քանի օր տեւած բանակցությունները համաժողովրդական ճգնաժամի ֆոնին, որի նմանին Վաշինգտոնը նախկինում չէր բախվել: 880 էջանոց փաստաթուղթն ամենամեծ օրինագիծն է դարձել ԱՄՆ տնտեսական պատմության մեջ:
Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթ Մակքենելը մռայլ եւ հոգնած տեսք ուներ, երբ քվեարկություն էր հայտարարում: Ավելի ուշ նա ազատեց սենատորներին մինչեւ ապրիլի 20-ը, սակայն խոստացավ անհրաժեշտության դեպքում նորից հավաքել նրանց: «Մեր առջեւ մի օրինագիծ է, որը պատմական բնույթ է կրում, քանի որ այն պետք է պատասխան տա պատմական ճգնաժամին,- ասել է ժողովրդավարական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը:- Մեր առողջապահական համակարգը պատրաստ չէ հիվանդների խնամքին: Մեր աշխատողները մնացել են առանց աշխատանքի: Մեր բիզնեսը չի կարողանում բիզնես վարել: Մեր գործարանները չեն աշխատում: Ամերիկյան տնտեսության ատամնանվակները կանգնել են»:
Փաթեթը նպատակ ունի օժանդակել տնտեսությանը, որն առնվազն ռեցեսիա է ապրում, եւ երկրին, որը բախվել է դժգույն կորուստների` ամբողջ աշխարհում ավելի քան 20 հազար մարդու կյանք խլած վարակի հետեւանքով:
Պատասխանելով հարցին, թե ինչքա՞ն ժամանակ օգնությունը կօգնի տնտեսությանը մնալ ջրի երեսին, Ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը հայտարարեց. «Մենք երեք ամսվա հույս ունենք: Հուսով եմ, որ մենք կլուծենք այս խնդիրը մինչեւ այս ժամկետի ավարտը»:
Լայնածավալ փաթեթը 500 միլիարդ դոլարի հիմնադրամ է ներառում, որը կուղղվի առավելապես տուժած հատվածներին աջակցությանը, ինչպես նաեւ ամերիկյան միլիոնավոր ընտանիքներին մինչեւ 3 հազար դոլար վճարներին:
Այն նաեւ լրացուցիչ 100 միլիարդ դոլարի հատկացում է նախատեսում հիվանդանոցների եւ բժշկական այլ հաստատությունների համար, որոնք բժշկական սարքավորումների խիստ կարիք ունեն, ինչպես նաեւ լրջորեն ընդլայնում է գործազրկության նպաստները` կորոնավիրուսով վարակված աշխատողներին կամ ճգնաժամի ընթացքում աշխատանքից զրկվածներին օգնելու համար:
Նշենք, որ միայն Չինաստանը եւ Իտալիան են վարակվածների թվով գերազանցում Միացյալ Նահանգներին, եւ ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները, կարծես, համաշխարհային համաճարակի հաջորդ էպիկենտրոնն են դառնում: