«Վստրեչի Ապերի» փաստաբանի ներկայացրած հաղորդումը՝ Ոստիկանության գործողությունների դեմ, ուղարկվել է Ոստիկանություն
Քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի, տան խուզարկության ընթացքում կիրառված անհարկի ուժի, կատարված հափշտակությունների վերաբերյալ փաստաբանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաեւ ստուգմամբ առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու եւ քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։
Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: Ձերբակալվածները որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։
Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։
Նշենք, որ խուզարկությունից հետո Ոստիկանությունը հայտնել էր, որ Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ եւ առեւանգում կազմակերպելու համար: Նրան կալանավորելու որոշում է կայացվել։