Ի՞նչ է կատարվում սուպերմարկետներում
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելով միջոցառումների խստացումը մայրաքաղաքացի թաղամասերից շատերում քիչ բան է փոխել։ Թեեւ մի քանի օր է՝ կառավարությունը հարդորում է, որ առավոտյան 10-ից 12-ը մթերային խանութներից օգտվեն միայն տարեցները, բայց թե փողոցները, թե խանութներն այսօր առավոտյան տարբեր տարիքի մեծ թվով անձինք կային։
Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներից մեկի մենեջերը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ այսօր առավոտյան տարեց հաճախորդներ նախկինի համեմատ ավելի շատ են ունեցել, բայց երիտասարդներ նույնպես եղել են։
«Փորձում ենք պայմաններ ստեղծել, որ տարեցները սպասարկվեն առանց հերթի, երիտասարդներին խնդրում ենք զիջել։ Իսկ եթե անհրաժեշտ է լինում, նրանց համար բացում ենք փակ դրամարկղերից մեկը»,- ասաց նա։ Ի դեպ, սուպերմարկետում դրամարկղերի մոտ հերթեր էին, մարդիկ կանգնած էին խիտ շարքերով՝ առանց պահպանելու իրարից խորհուրդ տրվող հեռավորությունը։
Նույն վարչական շրջանի հացի խանութներից մեկում էլ մի քանի ժամում սպառվել էին հացերը, հաճախորդները՝ հիմնականում տարեցներ։
Նշենք, որ նախորդ գիշերվանից մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել, ըստ որոնց քաղաքացիներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ միայն անձը հաստատատող փաստաթղթով եւ անցագրով։