Varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը․ տնտեսագետ
Varks.am կազմակերպության վարկառուներն, ամեն դեպքում, պետք է իրենց վարկային պարտավորությունները կատարեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, իրավաբան Սուրեն Պարսյանը ՝ անդրադառնալով նշված կազմակերպության լուծարման՝ Կենտրոնական բանկի որոշմանը։
Պարսյանը նշեց, որ Կենտրոնական բանկը որոշում է կայացրել Varks.am-ին լիցենզիայից զրկելու այն հիմքով, որ վարկային կազմակերպոոթյան նվազագույն կանոնադրական կապիտալի չափը չի բավարարում, նվազագույն կանոնադրական կապիտալը 3 միլիարդ դրամ է.
«Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, ենթադրենք ինքը ցույց է տվել, որ ունի 1 միլիոն դոլարանոց շենք, իսկ Կենտրոնական բանկն ասում է արժանահավատ չես, 1 միլիոն դոլար չէ, այլ 700 հազար դոլար»։
Նրա խոսքով՝ Varks.am-ից ավելի վատ կարգավիճակում գտնվող բանկեր և կազմակերպություններ կան, որոնք այժմ հանգիստ գործունեություն են ծավալում.
«Կենտրոնական բվանկի այս որոշումը նաև այս տեսանկյունից պետք է նայել, ինչո՞ւ Varks.am–ը և ոչ նրանք, կարծում եմ այդ հարցին հենց ԿԲ–ն պետք է պատասխանի»։
Պարսյանն անդրադարձավ նաև վարկային պարտավորությունների մարելուն. «Պետք է լուծարային հանձնաժողով նշանակվի և հանձնաժողովի նախագահը պետք է գույքագրի կազմակերպության պարտավորությունները՝ ում ինքը պարտք է և ովքեր իրեն են պարտք։ Ովքեր իրեն պարտք են, պետք է այդ գումարները հավաքագրի լուծարային հանձնաժողովը, նրա նախագահը և մուտք անի լուծարային հաշվի վրա»։
Նրա խոսքով՝ այդ գումարները մուտք գործելով հաշվի վրա՝ փակվում են կազմակերպության պարտավորությունները. «Առաջինը փակվում է գրավադրված գույքի պարտավորությունը, ենթադրենք կազմակերպությունն իր ավտոմեքենան ինչ-որ տեղ գրավ էր դրել, գումար էր վերցրել, երկրորդը՝ փակվում են աշխատողների աշխատավարձերը, երրորդը՝ հարկային պարտավորությունները, չորրորդը՝ այլ պարտավորություններ, ենթադրենք գրիչ է գնել մեկից, դրանց գումարն է և հինգերորդը՝ ինչ մնում է, փոխանցվում է արդեն կազմակերպության հիմադիրներրին: Ինչ վերաբերում է վարկառումներին, ապա Varks.am կազմակերպության վարկառուներն ամեն դեպքում պետք է իրենց վարկային պարտավորությունները կատարեն, անկախ նրանից թե այդ գումարը կազմակերպությանը կտրամադրեն, թե ստեղծված հանձնաժողովին։»։
Տնտեսագետը նաև հավելեց, որ Varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը՝ դաշտից հանելով ուժեղ մրցակցի. «Եթե ուզում ենք ազատվել վաշխառու կազմակերպություններից, պետք է փոխենք Կենտորանական բանկի դրամավարկային քաղաքականությունը»։