Բակերում նարդի են խաղում. արտակարգ դրություն՝ հայկական ձևով (Լուսանկարներ)
Չնայած կեսգիշերից սկսված խստացված ռեժիմին, պարետի, ոստիկանության բազմաթիվ հորդորներին, երևանցիների առօրյայում քիչ բան է փոխվել երեկվանից հետո։
Մասնավորապես, Երևանի Շենգավիթ համայնքում տղամարդիկ այսօր առավոտից կրկին հավաքվել են բակերում, նարդի են խաղում, զրուցում։ Ոստիկանների կողմից բակային հսկողություն չի իրականացվում։
Էրեբունի վարչական շրջանում նույն պատկերն է։ Քաղաքացիներից քչերն են, որ անցագրերով են դուրս եկել տներից, այգիներում էլ մարդիկ շրջում են սովորականի պես։ Անցագրերի անհրաժեշտություն այնքան էլ չի լինում, քանի որ մի քանի տասնյակ շենքերի բնակիչներին հետեւելու համար նշանակված է երկու ոստիկան, որոնք քայլելով շրջում են միայն կենտրոնական փողոցով։
Նշենք, որ նախորդ գիշերվանից մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել, ըստ որոնց, քաղաքացիներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ միայն անձը հաստատատող փաստաթղթով եւ անցագրով։
Ոստիկաններն ասում են, որ քաղաքացիների մեծ մասն անձնագիր ու լրացված անցագիր չունի, շատերը իրենցից են տեղեկանում դրանց անհրաժեշտության մասին։