Տանից դուրս գալ խիստ կենսական նշանակության պարագայում և անձնագրով. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին (Տեսանյութ)
Հայաստանում այսօրվանից գործում են նոր սահմանափակումներ: Տեղեկությունն իր ուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ մեր կազմակերպությունների գործունեությունը, և մարդկանց միայն կենսական անհրաժեշտության տեղաշարժը: Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտության տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը:
Բացի այդ, նրա խոսքով, մարտի 25-ից տնից դուրս եկող ցանկացած քաղաքացի իր մոտ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժի ձևաթուղթ, որի օրինակը կսահմանի պարետատունը:
Փաշինյանը նշեց, որ պետք է մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, երկու հոգուց ավելի չհավաքվել անգամ բակերում ու զրուցարաններում։ «Այս ամենն արվում է ձեր ծնողների, տատիկ–պապիկների անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց վարչապետը։