Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 41 հազարը
Այս պահին Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելի քան 41 հազար է` մեկ օրում ավելանալով գրեթե 8.5 հազարով, վկայում են առողջապահական ծառայություններից ստացված տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Հաստատվել է վարակման 41337, մահացության 508 դեպք: Բուժվել է ընդամենը 187 մարդ: Վարակման դեպքերի քանակով ԱՄՆ-ն երրորդն է աշխարհում:
Ինչպես հաղորդվել էր, երկուշաբթի ԱՄՆ գլխավոր վիրաբույժ, դոկտոր Ջերոմ Ադամսը հայտնել էր, որ առաջիկա օրերին Ամերիկայում կորոնավիրուսի տարածման կտրուկ աճ է սպասվում: «Ես ուզում եմ, որպեսզի Ամերիկան հասկանա, որ այս շաբաթ ամեն ինչ վատ կլինի»,- ասել է նա NBC News հեռուստաալիքի Today ծրագրի եթերում: Ադամսի խոսքով` հիվանդությունը տարածվում է Միացյալ Նահանգներում, քանի որ ամբողջ երկրում մարդիկ, հատկապես երիտասարդները, սպառնալիքն այդքան լուրջ չեն ընդունում եւ չեն հետեւում իշխանությունների` տանը մնալու եւ սոցիալական դիստանցիայի պրակտիկա վարելու մասին ցուցումներին:
«Հիմա քչերն են լուրջ վերաբերվում դրան»,- ասել է նա: Ըստ նրա` երիտասարդները գնում են Կալիֆորնիայի լողափեր եւ ցանկանում են Ազգային Մոլ այցլելել Վաշինգտոնի կենտրոնում, որտեղ հուշարձաններ, թանգարաններ կան` այնտեղ սակուրայի ամենամյա ծաղկումը տեսնելու համար:
Հիվանդությունների թվի աճի պայմաններում Կոլումբիայի դաշնային շրջանի իշխանությունները փորձում են սահմանափակել քաղաքացիների կուտակումը Վաշինգտոնի կենտրոնում: «Յուրաքանչյուրը պետք է գործի այնպես, կարծես նա արդեն վարակված է: Ուստի թեստեր հանձնեք կամ մի հանձնեք, բայց մեզ պետք է, որպեսզի դուք հասկանաք, որ կարող եք տարածել այն ուրիշների շրջանում կամ կարող եք վարակվել մեկ ուրիշից: Մնացեք տանը»,- ասել է Ադամսը:
ԱՄՆ մայրաքաղաքում եւ հարեւան Մերիլենդ եւ Վիրջինիա նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսի 579 դեպք, հայտնում են տեղական առողջապահական ծառայությունից: Միայն վերջին օրվա ընթացքում աճը 45 տոկոս է կազմել: Մինչ այժմ Վաշինգտոնում գրանցվել է 116 դեպք, Մերիլենդում` 244, Վիրջինիայում` 219: Համաճարակի սկսվելուց ի վեր Վաշինգտոնում մահացել է երկու մարդ, Վիրջինիայում եւ Մերիլենդում` վեց մարդ: Բժիշկների խոսքով` վիրուսը խոցում է ոչ միայն տարեց մարդկանց: Օրինակ, Մերիլենդում վարակվածների 40 տոկոսը 18-ից 54 տարեկան մարդիկ են:
Վաշինգտոնում, Կոլումբիայի Դաշնային շրջանի իշխանությունների որոշմամբ, բոլոր ռեստորանները, բարերը, ֆիթնես ակումբները, սպա եւ մերսման սրահները ու կինոթատրոնները փակ են: Մայրաքաղաքի կենտրոնում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակվել է, չեղարկվել են հասարակական տրանսպորտի տասնյակ երթուղիներ: