ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական են. Թրամփ
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը կորոնավիրուսի թեստ է հանձնել. արդյունքները բացասական են: Այս մասին երկուշաբթի Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այո»,- ասել է Թրամփը` ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք նրա կինը կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Նրա մոտ ամեն ինչ հիանալի է: Արդյունքները բացասական են»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը:
Ինքը` Թրամփը, կորոնավիրուսի թեստ էր հանձնել մարտի 14-ին: Հաջորդ օրը նախագահի բուժող բժիշկ Շոն Քոնլին հայտնել էր, որ թեստի արդյունքները բացասական են:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանություններից ստացված տեղեկատվության հիման վրա` ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 43 հազար դեպք, մահացել է ավելի քան 570 մարդ: Երկրում վարակի դեպքերի ավելի քան 50 տոկոսն այժմ գրանցվում է Վաշինգտոն, Կալիֆորնիա եւ Նյու Յորք նահանգներում: