Մեծ Բրիտանիան կարանտինի մեջ է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորնավիրուսի տարածումը կանխելու խիստ սահմանափակումների մասին, հայտնում է BBC-ն։
«Այս երեկոյից ես պետք է բրիտանացիներին շատ պարզ ցուցումներ տամ՝ դուք պետք է մնաք տանը»,- ազգին ուղղված հեռուստաուղերձում ասել է Ջոնսոնը։ Նրա խոսքերով՝ բրիտանացիները կարող են տնից դուրս գալ միայն հիմնական կարիքները բավարարելու՝ ֆիզիկական վարժությունների, բժշկական կարիքների, բժշկական օգնության ցուցաբերման կամ անհրաժեշտության դեպքում աշխատանքի գնալու եւ այնտեղից վերադառնալու համար։ «Սրանք միակ պատճառն են, որոնց համար դուք կարող եք լքել ձեր տները»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդիկ չպետք է հանդիպեն ընկերների հետ եւ ընտանիքի անդամների հետ, որոնք առանձին են ապրում։ «Եթե դուք չհետեւեք կանոններին, ոստիկանությանը կտրվի դրանց պահպանումը ապահովելու իրավասություն, այդ թվում տուգանքների եւ հանդիպումները ցրելու միջոցով»։
Ջոնսոնի խոսքերով՝ կառավարությունը կփակի բոլոր խանութները, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն վաճառում, ինչպես նաեւ գրադարանները, մանկական խաղահրապարակները, մարզասրահները։